Բաժիններ՝

Երևանում վարչական շրջանների դատարանների փոխարեն՝ կգործի մեկ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան

Ազգային ժողովում քննարկվում է «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ իրենք փորձում են միջոցներ ձեռնարկել անձի արդար դատական քննության իրավունքը կյանքի կոչելու համար: Դրա համար քայլեր են ձեռնարկվում դատական համակարգի բեռնաթափման ուղղությամբ:

«Այսօր Երևան քաղաքում կան վարչական դատարաններ, որոնց ծանրաբեռնվածությունը տարբեր է: Մի վարչական շրջանում գերծանրաբեռնված են քրեական գործեր քննող վարույթներով, մյուս վարչական շրջանում՝ քաղաքացիական գործերն են շատ, և լինում են դեպքեր, որ մի դատարանի դատավոր տարեկան իր քննած գործերի թվով եռակի ավելի է լինում, քան՝ մեկ այլ դատավոր:

Դրա համար մենք առաջարկում ենք Երևան քաղաքում վարչական շրջանների դատարանների փոխարեն՝ ունենալ մեկ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Երևան քաղաքի դատարան: Դա նաև ձեռնտու է ֆինանսական տեսանկյունից, որովհետև մենք կունենանք մեկ դատարանի նախագահ, և ոչ՝ մի շարք դատարաններ, գործերի բաշխվածությունն ամբողջությամբ կտարածվի Երևան քաղաքում բոլոր դատավորների միջև, այսինքն՝ հավասարակշռված բաշխում կինի, դա կբերի դատարանների բեռնաթափման»,- նշեց Ա. Հովհաննիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս