
Արգենտինայում առնվազն 162 մարդ է տուժել բողոքի ակցիաների ընթացքում

Պատրաստվող կենսաթոշակային բարենորոգման պատճառով Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում ոստիկանության հետ բողոքողների ընդհարումների հետեւանքով տուժածների թիվը հասել է 162-ի: Այդ մասին հայտնել էTodo Noticias հրատարակությունը:
Հրատարակության տվյալներով՝ 162 մարդ դիմել է բժշկական օգնության, նրանցից ավելի քան 80-ն իրավապահ մարմինների աշխատակիցներ են: Բացի դրանից, ոստիկանությունը ձերբակալել է 81 մարդու:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 80-ից ավելի մարդ է տուժել Արգենտինայում պատրաստվող կենսաթոշակային բարենորոգման պատճառով ոստիկանության հետ բողոքավորների ընդհարումների ընթացքում:
Նշվել է, որ ցուցարարները ոստիկանների վրա նետել են քարեր, շշեր եւ ծխառումբեր, ինչին իրավապահ մարմինների աշխատակիցները պատասխանել են արցունքաբեր գազով եւ ռետինե գնդակներով:
France-Presse գործակալության տվյալներով՝ երկրի կառավարությունը, որը գլխավորում է նախագահ Մաուրիսիո Մակրին, պլանավորում է կենսաթոշակային բարենորոգում իրականացնել պետական պակասուրդի նվազեցման համար:
Ակտիվիստները հայտարարում են, որ օրինագծի ընդունումը կծառայի կենսաթոշակային վճարումների չափի նվազեցմանը: Այժմ բարենորոգման մասին օրինագիծը դրված է երկրի Կոնգրեսի Պատգամավորների պալատի քննարկմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: