Կալիֆոռնիայում «Թոմաս» հրդեհը հաջողվել է տեղափակել կիսով չափ
Արդեն երկու շաբաթ ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի տարածքում մոլեգնող խոշոր բնական հրդեհի մակերեսը հասել է գրեթե 1,1 հազար քառակուսի կիլոմետրի, կրակը հաջողվել է տեղափակել կիսով չափ: Այդ մասին դեկտեմբերի 18-ին հայտնել է նահանգի Անտառային հանդակների պաշտպանության եւ հրշեջ ծառայության վարչությունը:
Գերատեսչության կայքում զետեղված տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 4-ին Վենտուրայի օկրուգում սկսված եւ «Թոմաս» անունն ստացած հրդեհը մոտավորապես 1097 քառ. կմ տարածք է ընդգրկել:
«Թոմասն» արդեն երրորդ ամենախոշոր բնական հրդեհն է ճանաչվել Կալիֆոռնիայի արդի պատմության մեջ: Սակայն, ինչպես նշում է Associated Press գործակալությունը, արդեն առաջիկա օրերին այն ռեկորդային կդառնա իր մասշտաբներով: Նահանգի հրշեջ ծառայությունները կանխատեսում են, որ իրենց կհաջողվի «Թոմաս» հրդեհն ամբողջովին տեղափակել մինչեւ հաջորդ տարվա հունվարի 7-ը:
Իշխանությունների գնահատումների համաձայն՝ «Թոմասի» պատճառած վնասն արդեն գերազանցել է 137 մլն դոլարը: Կրակը ոչնչացրել կամ վնասել Է ընդհանուր առմամբ ավելի քան 1,2 հազար տուն ու շինություն Վենտուրայի եւ Սանտա Բարբարայի օկրուգներում: Կրակի դեմ պայքարում են շուրջ 8 հազար հրշեջներ:
Տարերքի մոլեգնման պատճառով տարհանվել է մոտավորապես 100 հազար մարդ, ներկայում նրանցից ոմանց արդեն թույլատրված է վերադառնալ իրենց տներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: