ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխանությունների բռնությունները լրագրողների հանդեպ
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում Kanal 13 ինտերնետային հեռուստաընկերության ղեկավար Ազիզ Օրուջևի հանդեպ կայացված դատավճռի առնչությամբ: Այս մասին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից: Ծանր հանցագործությունների Բաքվի դատարանը դեկտեմբերի 15-ին Օրուջևին դատապարտել է վեց տարվա ազատազրկման ապօրինի ձեռնարկատիրության և իշխանության չարաշահման համար:
«Կոչ եմ անում իշխանություններին վերանայել Ազիզ Օրուջևի դատավճիռը և վերջ դնել նրա ազատությանն ու անվտանգությանը սպառնացող սահմանափակող միջոցներին: Հուսով եմ, որ այս վճիռը կվերանայվի վերաքննիչ բողոքի ընթացքում»,- նշել է Դեզիրը:
ԵԱՀԿ ներկայացուցիչը հիշատակել է նաև 2017թ-ի մայիսին Թբիլիսիում առևանգված լրագրող Աֆղան Մուխտարլիի դեպքը: «Հաշվի չառնելով այն լրջագույն տեղեկությունները, որ Մուխտարլին առևանգվել է, և Ադրբեջանում նրա հանդեպ ներկայացվել են շինծու մեղադրանքներ՝ Մուխտարլին պահվում է անազատության մեջ, ինչը մտահոգիչ է: Կոչ եմ անում իշխանություններին վերացնել լրագրողի հանդեպ բոլոր մեղադրանքները և հարգել նրա ազատ արտահայտման իրավունքը»,- նշել է Հարլեմ Դեզիրը: Նա նաև շեշտել է, որ լրագրող Խադիջա Իսմայիլովայի բանկային հաշիվների սառեցումը, երկրից դուրս գալու սահմանափակումը լուրջ քայլեր են, որոնք խոչընդոտում են լրագրողների մասնագիտական գործունեությունը:
Դեզիրը նաև հիասթափություն է հայտնել Բաքվի Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման առնչությամբ, որով պահպանվում էր բլոգեր և Լրագրողների պաշտպանության և անվտանգության ինստիտուտի ներկայացٳուցիչ Մեհման Հուսեյնովի՝ երկու տարվա ազատազրկման որոշումը: