«Սա պարզապես հայտարարություն չէ». Կարեն Նազարյան

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյան այսօր կազմակերպված «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումն ապահովելու մեջ» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց, որ Հայաստանի գործադիր իշխանության մարմինները մեծապես կարևորում են որոշումների կայացման գործընթացում քաղհասարակության ներգրավվածությունը.

«Սա պարզապես հայտարարություն չէ, այլ վերջին շրջանում ավանդույթ դարձած աշխատանքային պրակտիկա։ Առհասարակ, Հայաստանի և նրա գործընկեր երկրների հետ հարաբերությունների զարգացման գործընթացում ԱԳՆ-ը մշտապես բաց է եղել բոլոր տեսակի տեսակետների փոխանակման, քննարկման և բախման։ Այդ տեսակետներին ու քննադատական մոտեցումներին ծանոթանալը մեծապես օգնում է մեզ արտաքին հարաբերությունների տարբեր հարցերում ծանոթանալ հայաստանյան և օտրարեկրյա հանրային կարծիքներին, հաշվի նստել դրանց հետ՝ վերջանական որոշման կայացման կամ դրանց իրագործման փուլերում»։

Նրա խոսքով՝ Հայաստանի քաղհասարակությունն իր կարևոր դերակատարումն ունի Եվրամիության և ԱՄՆ-ի հետ շարունակվող համագործակցության խթանման հարցում.

«Մենք մշտապես բաց ենք եղել՝ միասին քննարկելու Երևանի և Վաշինգտոնի, Երևանի և Բրյուսելի, եվրոպական մյուս քաղաքների և կառույցների միջև տեղի ունեցող զարգացումներն ու փոխգործակցությունը, որոնք վերջին շրջանում մտել են բավականին աշխույժ և ինտենսիվ փուլ»։

Նազարյանը նկատեց՝ հասարակության ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որն ըստ նրա՝ հավասար գործընկերության մասին է և արտահայտում է կողմերի մոտեցումներն ու դիրքորոշումները։

«Բացի այդ համաձայնագրից՝ քաղհասարակության դերի ու նրա հետ համագործակցության դրույթներ պարունակում են նաև ԵՄ հետ բանակցված և ստորագրված կարևորագույն այլ փաստաթղթեր։ Քաղհասարակության դերի մասին քննարկումները ներառված են նաև ԱՄՆ-ի հետ մեր քաղաքական երկխոսության և մարդու իրավուքնների բնագավառում ԵՄ հետ պարբերաբար անցկացվող մարդու իրավունքների երկխոսության օրակարգում։ Այս համատեքստում մենք հետևողական ենք լինելու վերոնշյալ փաստաթղթերում ձևակերպված և մեր ստանձնած հանձնառությունների անշեղ իրականացմանը, և իհարկե, նույն մոտեցումն ակնկալում ենք նաև մեր գործընկերներից»։

 

Տեսանյութեր

Լրահոս