Արարատում կինը երեխաներին կերակրելու համար գումար վաստակելու հարցի շուրջ վիճել է ամուսնու հետ ու դանակահարել է նրան
Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ կինը մեղավոր է ճանաչվել ամուսնու առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ և դատապարտվել 3 տարվա ազատազրկման։ Դատարանի վճռով՝ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 1 տարի ժամկետով փորձաշրջան։
28-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արարատի մարզի գյուղերից մեկում գտնվող վագոն-տնակում, կենցաղային հարցերի շուրջ՝ այն է՝ երեխաներին կերակրելու համար գումար վաստակելու միջոցներ ձեռնարկելու հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել ամուսնու հետ, որի ժամանակ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ մեկ անգամ սառը զենք չհանդիսացող խոհանոցային դանակով հարվածել է ամուսնու կրծքավանդակի աջ շրջանին և նրա առողջությանը պատճառել ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Ըստ դատական ակտի՝ մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալ կինը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ իրեն առաջադրված մեղադրանքը պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ, միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները:
Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին: