«Կովկասում որոշումներ ընդունողը հենց Ռուսաստանն է. Նա կորոշի՝ պետք է լինի խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ, և այդպես էլ կլինի». Պ. Ժերար Շալիան
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան նորին գերազանցություն պարոն Ջոնաթան Լաքոտի հրավերով Հայաստան ժամանած ֆրանսիացի աշխարհաքաղաքագետ և զինված հակամարտությունների մասնագետ Պ. Ժերար Շալիանը նախօրեին ներկայացրեց «Սիրիական և իրաքյան հակամարտությունների ամփոփումն ու հեռանկարները» թեմայով դասախոսություն, որի ավարտին բանախոսն անդրադարձավ նաև հայ- ադրբեջանական հակամարտությանը.
«Կարծում եմ, Ղարաբաղի հարցում զարգացումներն այս պահին և դեռևս առաջիկա 20 տարիների ընթացքում պայմանավորված կլինեն անմիջականորեն Ռուսաստանի դիրքորոշմամբ: Վերջերս կրկին դրա ականատեսը եղանք, երբ քառօրյա հակամարտությունից հետո նախագահ Պուտինն իր գրասենյակ հրավիրեց երկու պետությունների ղեկավարներին, և ենթադրում եմ՝ կարգադրեց նրանց՝ դադարեցնել խաղը և վերադառնալ իրենց երկրներ: 2008 թվականին նույն անձն ապացուցեց, թե ի՞նչ կարող է անել Վրաստանի հետ, իսկ այս պահին, կարծում եմ, Կովկասում տրամադրություններ թելադրողն ու որոշումներ ընդունողը հենց Ռուսաստանն է: Նա կորոշի՝ պետք է լինի խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ, և այդպես էլ կլինի»: