«ՀՀԿ-ն միշտ էլ վերջին րոպեին է նման հայտարարություններն անում». Էդմոն Մարուքյան
Սերժ Սարգսյանի քաղաքական ապագայի շուրջ անորոշությունը «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը պայմանավորում է անորոշությամբ։
«Ոչ թե ինքն էլ չգիտի, թե ինչ է անելու, այլ նպատակ կա անորոշ պահելու։ Ասաց, որ բազմաթիվ հանգամանքներ կան, թե ինչու է այդպես, բայց չասաց՝ ինչ հանգամանքներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Է.Մարուքյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի մասին։
Ըստ նրա՝ Ս.Սարգսյանն անդրադարձել է վերջին շրջանում քննարկված և քննադատված հարցերից շատերին, բացի Վանաձորի հետ կապված հիմնախնդրից։
Կարեն Կարապետյանի վերաբերյալ նախագահի դիտարկումները, Մարուքյանի կարծիքով, նշանակում են, որ նրանց միջև համաձայնությոն չկա, կա անորոշություն, և ոչ ոք չգիտի՝ ինչ է լինելու.
«Այժմ ոչինչ չի հայտարարվում, սպասում են՝ մինչև պահը գա, նոր հայտարարեն, ինչպես միշտ։ ՀՀԿ-ն միշտ էլ վերջին րոպեին է նման հայտարարություններն անում»։
Անդրադառնալով Գալուստ Սահակյանի հայտարարությանը, թե ՀՀԿ վերնախավում թեև չի քննարկվել ապագա վարչապետի հարցը, սակայն բոլորն էլ կողմնորոշված են և գիտեն, թե ում են ուզում ապրիլից հետո տեսնել վարչապետ, Է.Մարուքյանը նշեց, որ կարող է՝ ինչ-որ մի փուլ է, որ բոլորը պետք է ասեն, թե ում են տեսնում ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու. «Եվ բոլորն ասում են, որ Սերժ Սարգսյանին են տեսնում, և ոչ թե, օրինակ, Կարեն Կարապետյանին»։