
Ռուսաստանն ու Եգիպտոսը վերականգնում են օդային հաղորդակցությունը

Ռուսաստանը և Եգիպտոսը փաստաթուղթ են ստորագրել օդային հաղորդակցությունը վերականգնելու մասին, որը դադարեցվել էր 2015 թվականի աշնանը: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, ռուսական կողմից փաստաթուղթը ստորագրել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, եգիպտական կողմից՝ Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարար Շերիֆ Ֆաթհին: «Ցանկանում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել իմ գործընկեր Շերիֆ Ֆաթհիին և մաղթել մեր հետագա պլանների հաջող իրականացում»,- փաստաթուղթը ստորագրելուց հետո ասել է ՌԴ տրանսպորտի նախարարը:
Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարար Շերիֆ Ֆաթհին հայտարարել է, որ Կահիրեի և Մոսկվայի միջև օդային հաղորդակցությունը կվերականգնվի 2018թ. փետրվարի 1-ից:
ՌԴ տրանսպորտի նախարարը նաև հայտնել է, որ դեպի Շարմ էլ-Շեյխ և Հուրգադա չարտերային չվերթների հարցը ևս կլուծվի 2018թ.: