Ինչպես չինուհին հայտնվեց «Աբովյան» ՔԿՀ-ում. աղմկոտ գործի բացառիկ մանրամասները. yerkir.am
Կանանց գաղութում՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, ներկայումս պատիժ է կրում շուրջ 10 օտարերկրացի` ռուս, ուկրաինացի, ուզբեկ, կոլումբիացի, իրանցի, անգամ` պերուացի և չինացի կանայք:
52-ամյա Լիեն Չյուին (հեղ. անունը հրապարակում ենք իր իսկ համաձայնությամբ) Հայաստանում երբևէ դատապարտված միակ չինուհին է: Գեղեցիկ, խնամված, իր տարիքից անհամեմատ երտասարդ երևացող կինն ասում է՝ անազատության մեջ գտնվելու երեք տարիների ընթացքում այդպես էլ նորմալ հայերեն չի սովորել: Չինուհին դատապարտյալների հետ հաղորդակցվում է մի քիչ անգլերենով, մի քիչ ռուսերենով, մի քիչ էլ հայերենով, սակայն միմյանց հասկանալու ամենահեշտ տարբերակը ժեստերի լեզուն է:
Լիեն Չյուիի հետ զրուցեցինք չինարենի թարգմանչի օգնությամբ: Զրույցի ընթացքում դատապարտյալը երբեմն կատակում էր, երբեմն՝ հուզվում:
Թրաֆիքինգի համար 8 տարվա ազատազրկման դատապարտված կինը շուրջ 2 տարի հարազատներից գաղտնի է պահել, որ անազատության մեջ է: Կես տարի առաջ չինուհին կորցրել է ամուսնուն: Միակ մարդն, ում հետ այսօր կապ է պահում, որդին է:
Yerkir.am-ը ներկայացնում է Հայաստանում դատապարտված միակ չինուհու կյանքի պատմությունը, օտար միջավայրում հարմարվելու` նրա օրինակն ու քրեական գործում առկա ուշագրավ մանրամասները:
Չինուհիների թրաֆիքինգի գործը՝ բացառիկ
2014-ին բացահայտված` չինուհիների թրաֆիքինգի գործը մեծ հնչեղություն ստացավ: Այն բացառիկ էր նրանով, որ Հայաստանում չինուհիներին թրաֆիքինգի էին ենթարկել հենց իրենց համերկրացիները:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2014 թվականի հոկտեմբերին ՉԺՀ 3 քաղաքացի, նախնական համաձայնության գալով, խաբեությամբ՝ բարձր վարձատրվող մերսուհու արտագնա աշխատանքով ապահովելու կեղծ խոստում տալով, Չինաստանում հավաքագրել են 4 համաքաղաքացու ու տեղափոխել Երևան, որտեղ 4 չինուհիները ենթարկվել են սեռական ու աշխատանքային շահագործման:
Դատաքննությամբ հիմնավորվել է, որ չինուհիները սեռական շահագործման են ենթարկվել երևանյան հյուրանոցներցի մեկում գործող մերսման սրահում: Այս գործով տուժող ճանաչված չորս չինուհիները դեռ նախաքննության ընթացքում են հեռացել Հայաստանից: Նրանք իրենց ցուցմունքներում հայտնել են իրենց Հայաստան տեղափոխած անձի անունը: Խոսքը վերաբերում է Լիո Մյաու անունով ներկայացած անձին, որի մասով գործն անջատվել է մայր գործից և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Դատավճռի հիմքում դրվել են տուժողների` նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները:
Գործով մեղադրյալներից երկուսը՝ Լիեն Չյուին և նրանից 15 տարով փոքր Չուան Վանգը (տղամարդ), մեղավոր են ճանաչվել իրենց հայրենակցուհիներին կեղծ խոստումներով հավաքագրելու, Հայաստան տեղափոխելու և «չինական մերսման» անվան տակ նրանց սեռական ու աշխատանքային շահագործման ենթարկելու համար և դատապարտվել 8-ական տարվա ազատազրկման: Չուան Ճոնգ Ճիի Վանգը ներկայումս պատիժ է կրում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, իսկ դատապարտյալ Լիեն Ֆընգ Վան Չուն Չյուին` ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում:
Գործի նախաքննության ընթացքում ամբաստանյալների շահերը պաշտպանել է փաստաբան Ավագ Լալայանը: Հետագայում նրանց պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Դավիթ Հունանյանը:
Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում գործը քննվել է դռնփակ պայմաններում, և լրագրողները հնարավորություն չեն ունեցել լուսաբանելու դատավարության ընթացքը: Ուշագրավ է, որ լրագրողները մի քանի անգամ դատարանում նկատել են Չինաստանի դեսապանատան ներկայացուցիչներին: Մի անգամ, երբ լրագրողներից մեկը դատարանում պատահաբար հանդիպել է դեսպանատան ներկայացուցչին և հետաքրքրվել գործով, դեսպանատան աշխատակիցը զարմացել է, թե ինչպես է նա տեղեկացել, որ նման գործ է քննվում:
Ինչո՞ւ է չինական կողմը գաղտնի պահում իր քաղաքացիների հետ կատարվածը
Հայտնի է, որ Չինաստանում ուժեղացված վերահսկողություն է սահմանված լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում լուրերի տարածման նկատմամբ: Այս երկրում փակ է անգամ «Ֆեյսբուք» սոցիալական կայքը: Հավանաբար, սա էր պատճառը, որ չինական լրատվամիջոցներում Հայաստանում կատարված թրաֆիքինգի դեպքի վերաբերյալ որևէ տեղեկություն չկար: Չինական կողմը, հաշվի առնելով գործի բնույթը, ամեն ինչ արել է, որպեսզի Չինաստանում իրենց քաղաքացիների հետ կատարվածի վերաբերյալ ինֆորմացիոն արտահոսք չլինի:
Ինֆորմացիոն դաշտում իր փակ քաղաքականությամբ աչքի է ընկնում նաև Հայաստանում Չինաստանի դեսպանատունը: Դեռևս վեց ամիս առաջ Yerkir.am-ը Հայաստանում պատիժ կրող չինացի դատապարտյալների հարցով դիմել էր Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին, սակայն թե’ մեր գրավոր և թե’ բանավոր հարցերին դեսպանատունն այդպես էլ չարձագանքեց:
Ի դեպ, «Աբովյան» ՔԿՀ-ում պատիժ կրող Լիեն Չյուին Yerkir.am-ին տեղեկացրեց, որ դեսպանատան աշխատակիցն այս տարիների ընթացքում մի քանի անգամ այցելել է իրեն, օգնել, որպեսզի կապ հաստատի հարազատների հետ և այլն:
Խոհարա՞ր, թե՞ կավատ
Լիեն Չյուին Yerkir.am-ին պատմեց, որ մինչ Հայաստան գալը Շրի Լանկայում խոհարար է աշխատել: «Անտեղ մի ընկեր ունեի, ով ասաց, որ Հայաստանում խոհարարի գործ կա: Ես էլ զանգեցի, հետաքրքրվեցի: Պայմանավորվեցի տնօրենի հետ, ով խոստացավ, որ Հայաստանում ամսական 10.000 չինական յուան (հեղ. համարժեք է շուրջ 2000 դոլարին) գումար կստանամ, ես էլ համաձայնեցի»,-պատմեց նա:
Չինուհու խոսքով` ինքը երևանյան հյուրանոցներից մեկում մեկ ամիս խոհարար է աշխատել, սակայն չի վարձատրվել: Կինը պնդում է, որ մինչև Հայաստան գալը չի ճանաչել 4 տուժողներին: «Ես Շրի Լանկայից հետո գնացել եմ Չինաստան, մի քանի օր անց միայնակ եկել Հայաստան: Ես այդ աղջիկների և Չուան Վանգի հետ ծանոթացել եմ Երևանում»,- ասաց նա:
Լիեն Չյուիի խոսքով՝ բոլորը, այդ թվում` ինքը, գտնվել են Լիո Մյաու անունով ներկայացած տնօրենի վերահսկողության տակ, նրանից հեռախոսով առաջադրանքներ են ստացել: «Այդ տնօրենն է 4 աղջիկներին բերել Հայաստան: Ես նրանց նախկինում չեմ ճանաչել: Նա որպես Լիո Մյաու է ներկայացել, բայց հետո ոստիկաններն ինձ ասացին, որ նրա իսկական անունը Ցին Չու Մեյ է»,-պատմեց կինը և հավելեց, որ այդ մարդը մինչև բացահայտումն է հեռացել Հայաստանից:
Չինուհի դատապարտյալը, մտաբերելով իրեն և մյուս 4 աղջիկներին բերման ենթարկելու օրը, հուզվեց. «Գիշեր էր, երբ ոստիկանները եկան հյուրանոց: Ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Այդ աղջիկներից մեկն անգամ ինչ հարցրեց, թե ի՞նչ է կատարվում: Այդ ժամանակ մեզ Հայաստան բերած տնօրենն այնտեղ չէր, դրա համար էլ ամբողջը բարդեցին իմ ու Չուան Վանգի վրա` ասելով, թե իբր մենք հանցակիցներ ենք»:
Չինուհու խոսքով՝ գործով 4 տուժողները նախկինում Չինաստանում և այլ երկրներում մարմնավաճառությամբ են զբաղվել: «Այդ 4 աղջիկները Երևանում և’ մերսում էին իրականացնում, և’ մարմնավաճառությամբ զբաղվում: Նրանք հասուն կանայք էին՝ 26-40 տարեկան: Երեխա չեն, որ նրանց կարողանային խաբել և թրաֆիքինգի ենթարկել, նրանք իրենց կամքով են սեռական ծառայություններ մատուցել հայ տղամարդկանց:
Լիեն Չյուին հայտնեց, որ իր հետ դատապարտված Չուան Վանգի հետ ևս Հայաստանում է ծանոթացել: Ըստ նրա՝ Վանգն այստեղ, որպես հաշվապահ է աշխատել և զբաղվել է ֆինանսական հարցերով, թեև նրան իրավապահները որպես մենեջեր են ներկայացրել:
Չինուհին պնդում է, որ իրականում ինքն էլ է տուժող՝ աշխատանքային թրաֆիքինգի զոհ: «Իրականում ես էլ եմ տուժել, ինձ բերել, աշխատացրել են և աշխատավարձ չեն տվել: Ավելին` մի բան էլ ես եմ այդ տնօրենին գումար տվել, որ իմ վիզայի հարցերը լուծի»,-ասաց նա:
Դատապարտյալը պատմեց, որ երկու տարի հարազատներին չի հայտնել իր հետ կատարվածի մասին: Վեց ամիս առաջ մահացել է ամուսինը, իսկ նրա մայրը ծանր հիվանդությամբ է տառապում: Ներկայումս միակ մարդը, ում հետ չինուհին կապ է պահում, 27-ամյա որդին է: «Մայրս ծանր հիվանդ է, չեմ ցանկանում, որ նա իմանա այս մասին»,- ասաց նա:
Երեք տարի «Աբովյան» ՔԿՀ-ի օտար միջավայրում հարմարվելը չինացի դատապարտյալի համար հեշտ չի եղել: Լիեն Չյուին խոստովանում է՝ ավելի հեշտ լեզու է գտնում այլ երկրների քաղաքացիների, քան հայ կանանց հետ: Նա անազատության մեջ գտնվելու երեք տարիների ընթացքում կալանավայրի աշխատակազմի համար խնդիրներ չի ստեղծել: ՔԿՀ-ում ասում են՝ կոնֆլիկտային չէ, հանգիստ վարքագիծ ունի, հարմարվող է:
Մեզ հետ զրույցում Լիեն Չյուին հայտնեց, որ շատ է ցանկանում վճարովի աշխատանք ունենալ: Քանի որ Հայաստանում չինուհին հարազատներ չունի, ստիպված է բավարարվել օրենքով իրեն հասանելիք խնամքի և այլ պարագաներով: Քրեակատարողական հիմնարկում մեզ տեղեկացրեցին, որ չինուհի դատապարտյալին վճարովի աշխատանքում ներգրավելու հարցը քրեակատարողական ծառայության օրակարգում է. խնդիրը դատապարտյալի՝ Հայաստանում կեցության իրավունք չունենալն է:
Նշենք, որ, համաձայն ՀՀ քրեակատարողական օրենսգրքի, դատապարտյալը հնարավորության դեպքում ապահովվում է աշխատանքով, որի կարգը և պայմանները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով: Նույն օրենսդրությամբ սահմանված է, որ դատապարտյալն ունի աշխատանքի վարձատրության իրավունք։
Չինացիներից հրապարակային ներողություն չեն խնդրի
Դեռևս 2015-ին Հայաստանում դատապարտված երկու չինացիները և նրանց պաշտպանը քաղաքացիական գործով հայց էին ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Տիգրան Կիրակոսյանի, Հայաստանի Հանրապետության: Այս գործով, որպես երրորդ անձ, ներգրավվել էր «Ար» հեռուստաընկերությունը:
Դատապարտյալները պահանջում էին պատասխանողներին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել է «Ար» հեռուստաընկերության կողմից պատրաստված «Չինուհիներին ստիպել են, որ, մերսելուց բացի, նաև մարմնավաճառությամբ զբաղվեն» տեսանյութի համար: Հիշյալ տեսանյութում, ըստ հայցվոր կողմի, խոսվում է հայցվորների կողմից թրաֆիքինգ կատարելու մասին, քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Տիգրան Կիրակոսյանը նյութեր է հրապարակում քրեական գործից, բացի այդ` տեսանյութում ցուցադրվել են հայցվորների անձնագրերի պատճենները` հստակ երևում են նրանց նկարները, անունները և անձնագրային տվյալները:
Գործով որպես պատասխանող ներգրավված քննչական կոմիտեն պատճառաբանել է, որ տեսանյութը պատրաստվել է մինչդատական վարույթի ավարտից հետո՝ նախաքննության տվյալների հրապարակման թույլատրելիության ժամանակահատվածում: Ավելին, ըստ ՔԿ-ի, տեսանյութում պաշտոնատար անձանց կողմից հայցվորների հանդեպ վիրավորական կամ զրպարտիչ արտահայտություններ չեն հնչել:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սուքոյանի՝ 2017թ. հունիսի 14-ի վճռով` չինացի դատապարտյալների և նրանց պաշտպանի հայցը մերժվել է՝ հաստատմամբ, որ պատասխանողի կողմից հրապարակված տեղեկատվությունը չի կարող համարվել զրպարտություն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։