«Ռուսական կողմը որոշում չի կայացնում». Արսեն Հարությունյան

Կառավարությունն այսօր նիստում հավանություն տվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի առաջարկին՝ «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի հետ 2017 թ. ապրիլի 21-ին կնքված պայմանագիրը դադարեցնելու մասին: Խնդիրն այն է, որ այս ընկերությունը պետք է իրականացներ հայկական կողմից Արաքսի 40 կմ հատվածի ափամաքրման աշխատանքներ, սակայն իրանական կողմի հետ բանակցություններում, որոնց մասնակցել է նաև ռուսական կողմը, խնդիրներ են առաջացել։

Ըստ որոշման նախագծի՝ քանի որ այդ հատվածն Արաքս գետով սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, և մեր ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից, ուստի անհրաժեշտ էր ձեռք բերել համաձայնություն կողմերի միջև նշված հատվածում աշխատանքների կատարման և ավարտման համար, սակայն աշխատանքային կարգով հանդիպումների ընթացքում հնարավոր չի եղել արդյունավետ համագործակցել, և կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել:

«Աշխատանքների կատարման անհնարինությունը պայմանավորված է ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից համաձայնություն չստանալու հետ»,- հստակ գրված է նախագծում:

Սակայն կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը հայտարարեց, թե նախ՝ լրագրողները լավ չեն հասկացել, իսկ երբ նրա համար ընթերցվեց նախագծի այդ հատվածը, Հարությունյանը պնդեց, որ դա վրիպակ է։

«Ռուսական կողմը սահմանը պահողն է և սահմանապահի կարգավիճակով է մասնակցում բանակցություններին, որոշում չեն կայացնում»,- հավաստիացրեց Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս