Ի՞նչ է կատարվել մանչեսթերյան դերբիից հետո. Մոուրինիոյի և Գվարդիոլայի տեսակետները
Մանչեսթերյան դերբիից հետո տեղի է ունեցել ծեծկռտուք: Սա անգլիական մարզական մամուլում ամենից շատ հանդիպող վերնագիրն էր վերջին օրվա ընթացքում:
Հնչում են տարբեր վարկածներ, բայց ամենից շատ քննարկվող վարկածն այն է, որ բախումը հրահրել են Լուկակուն և Մոուրինիոն, իսկ քաղաքայինների երկրորդ մարզիչը գլխի վնասվածք է ստացել: Ըստ անգլիական մամուլի՝ Մոուրինիոյին դուր չի եկել, թե ինչպես են մրցակիցները տոնում հաղթանակը:
Պեպ Գվարդիոլան խաղից հետո նշել է, որ իր գործը միայն դաշտում է, և կարևոր է միայն թիմի խաղը:
«Բոլորը պայքարում էին հաղթելու համար: Մենք կարող էինք ավելի շատ գոլեր խփել: Խաղից հետո մենք նշեցինք հաղթանակը երկրպագուների հետ և գնացինք հանդերձարան:
Երբ մենք պարտվում ենք, մենք փորձում ենք հասկանալ պատճառները և ընդունել պարտությունը, իսկ երբ հաղթում ենք՝ տոնում ենք: Մենք հաղթել էինք դերբին, ի՞նչ էին մարդիկ սպասում մեզնից: Մենք պետք է չնշեի՞նք:
Մենք աշխատում ենք նշել հաղթանակը հանդերձարանում:
Ես այն մարդն եմ, որ թույլ եմ տվել թիմին նշել, սակայն միայն փակ դռների հետևում: Հույս ունեմ, որ այս դեպքը չի կրկնվի»,- նշել է Գվարդիոլան:
Մոուրինիոն շատ արագ և հակիրճ է պատասխանել սկզբունքային մրցակցին:
«Ես այստեղ չեմ, որ մեկնաբանեմ Գվարդիոլայի խոսքերը: Ես կասեմ միայն մեկ բան՝ հարցը մոտեցումներն են, սկզբունքները և դաստիարակությունը:
Այս հարցը փակ է, ես ուզում եմ խոսել միայն հաջորդ հանդիպման մասին, քանի որ մենք չենք ցանկանում պարտվել երկու խաղ անընդմեջ»,- նշել է Մոուրինիոն՝ հրաժարվելով պատասխանել միջադեպի մասին որևէ հարցի:
Սիրարփի Աղաբաբյան