
«Դուք հաստատ տեսնելու եք՝ ինչպես ենք այդ ցուցանիշը կառավարելու և նվազեցնելու». Կարեն Կարապետյան

ՀՀ կառավարության գործունեությունն ուղղված է աղքատության մակարդակի նվազեցմանը: Այդ մասին Արմավիրի մարզում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ աղքատության ցուցանիշներն, իհարկե, անհանգստացնում են:
«Դուք հաստատ տեսնելու եք՝ ինչպես ենք այդ ցուցանիշը կառավարելու և նվազեցնելու՝ մեր ամբողջ գործունեությամբ, կառավարության ամբողջ գործունեությունը դրան է ուղղված»,- ասաց Կարապետյանը:
Նրա խոսքով, կառավարության գործունեության հաշվետվությունն ունի ձև, ինչպես ամբողջ աշխարհի կառավարությունները:
«Բոլորը նույն կերպ են ներկայացնում, թե որքան է ՀՆԱ-ն, արտահանումը, ներմուծումը, առևտուրն աճել և այլն: Այս տարի մենք ավարտելու ենք շատ ավելի բարձր ցուցանիշերով, քան կանխատեսել ենք»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ այդ ամենը չի լուծում բոլոր խնդիրները:
«Լուծո՞ւմ է արդյոք այդ ցուցանիշը մեր բոլոր խնդիրները՝ ոչ: Եթե նույնիսկ դրանից կրկնապատիկ անգամ ավելի ցուցանիշ արձանագրենք, բոլոր խնդիրները չեն լուծվում: Երկիր գոյություն չունի, որ ամենաբարձր աճի տեմպերով էլ գնա` բոլոր խնդիրները լուծվեն»,- ասաց Կարեն Կարապետյանը: