«Ռուսատոմ սերվիս»-ը Հայաստան է առաքել ԱԷԿ-ի համար առաջին տուրբոգեներատորը
«Ռուսատոմ սերվիս» ընկերությունը դեկտեմբերի 10-ին ավարտել է Հայկական ատոմային էլեկտրակայանի համար նախատեսված երկու տուրբոգեներատորներից մեկի առաքումը: Ինչպես փոխանցում է «Ռուսատոմ» միջուկային էներգիայի պետական կորպորացիայի պաշտոնական կայքը, սարքավորման փոխադրումը Սանկտ Պետերբուրգում գտնվող գործարանից իրականացվել է երկու փուլով. ծովային ճանապարհով՝ մինչև Վրաստանի Փոթի նավահանգիստ և այնտեղից՝ ՀԱԷԿ:
Նոր սարքավորումը կտեղադրվի հնի տեղում, որը պատրաստվել է 1970-ականների վերջին: Տուրբոգեներատորի հետ կնորացվեն օժանդակ համակարգերը. սա նախագծի վրա իրականացվող աշխատանքի առանձնահատկություններից մեկն է:
Նշվում է, որ տուրբոգեներատորն արտադրել է «Սիլովիե մաշինի» («Силовые машины») ընկերությունը. այն էներգետիկայի բնագավառում ռուսական մեքենաշինական ընկերություն է, որը տեղադրված սարքավորումների ծավալով ներառված է աշխարհի առաջատարների տասնյակում:
Երկրորդ տուրբոգեներատորը նախատեսվում է կայան հասցնել 2018 թվականի դեկտեմբերին:
2014 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև համաձայնագիր է ստորագրվել Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ: 2015 թվականի փետրվարին ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու աշխատանքների ֆինանսավորման համար ստորագրվել է արտահանման վարկ տրամադրելու համաձայնագիր:
2015 թվականի հունիսին «Ռուսատոմ սերվիս»-ի և «ՀԱԷԿ»-ի միջև պայմանագիր է ստորագրվել աշխատանքների երկարաձգման, առաքումների և այլ ծառայությունների վերաբերյալ՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու նպատակով: