Փողի արտահոսքն ավելի արագ է աճել, քան ներհոսքը

2017 թվականի հունվար-հոկտեմբերին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել 1 մլրդ 397.7 մլն ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2017 թվականի հոկտեմբեր ամսվա տեղեկագրից։

Նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ՝ դրամական փոխանցումների ներհոսքն աճել է 200 մլն դոլարով կամ 16.7%-ով։

Դրամական փոխանցումների աճը պայմանավորված է գլխավորապես Ռուսաստանից Հայաստան կատարվող փոխանցումների աճով։ Այսպես, 2017-ի առաջին 10 ամիսներին Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 853.1 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 727.7 մլն դոլարի դիմաց (աճը՝ 125.3 մլն դոլար կամ 17.2%)։

ԱՄՆ-ից կատարվող փոխանցումներն աճել են 3.9 մլն դոլարով (2.7%) և կազմել 144.7 մլն դոլար։

Զգալիորեն աճել են Ղազախստանից ուղարկվող փոխանցումները։ Այսպես, եթե 2016 թվականի հունվար-հոկտեմբերին այդ երկրից Հայաստան էր ուղարկվել 14.7 մլն դոլար, այս տարվա հունվար-հոկտեմբերին այդ թիվը գերազանցում է 32 մլն դոլարը։

Ի դեպ, եթե դիտարկում ենք փոխանցումների ամսական վիճակագրությունը՝ 2017 թվականի հոկտեմբերը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, աճի տեմպն ավելի բարձր է։

Եթե 2016 թվականի հոկտեմբերին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան էին փոխանցել 136.5 մլն դոլար, ապա այս տարվա հոկտեմբերին փոխանցումների ծավալը 163 մլն դոլար է՝ 19.4%-ով ավելի շատ։

Այդ թվում՝ Ռուսաստանից Հայաստան ուղարկվող գումարները նույն ժամանակահատվածում աճել են 22.7%-ով։ Այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ տրանսֆերտների ներհոսքը Հայաստան վերականգնվում է։

Մյուս կողմից, Կենտրոնական բանկը ներկայացնում է նաև արտահոսքի վիճակագրությունը՝ որքան գումար են ֆիզիկական անձինք Հայաստանից արտերկիր փոխանցել բանկային համակարգի միջոցով։ Ու արտահոսքի տվյալներն ավելի հետաքրքիր են՝ Հայաստանից դուրս ուղարկվող գումարներն աճել են 27%-ով։ Ավելի շատ, քան ներհոսքը։

Այսպես, եթե 2016 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանից արտերկիր էր փոխանցվել 641,1 մլն դոլար, ապա այս տարվա հունվար-հոկտեմբերին արտահոսքն աճել է 173 մլն դոլարով և կազմել 814,2 մլն դոլար։

Ընդ որում, ամիսն ամսվա հետ համեմատելու դեպքում (2017-ի հոկտեմբերը՝ 2016-ի հոկտեմբերի հետ) աճն ավելի տպավորիչ է՝ 52,1%։ 2016 թվականի հոկտեմբերին Հայաստանից արտերկիր էր ուղարկվել 76,1 մլն դոլար, այս տարվա հոկտեմբերին՝ 115,7 մլն դոլար։

Պատկերն առավել հետաքրքիր է դառնում, երբ արտահոսքի տվյալները դիտարկում ենք՝ ըստ երկրների: Պարզվում է՝ արտահոսքի հիմնական մեղավորն ԱՄՆ-ն է։ Հայաստանից ԱՄՆ փոխանցվող գումարները 10 ամսվա կտրվածքով կրկնապատկվել են՝ 66.8 մլն դոլարից հասնելով 136.7 մլն դոլարի։

Իսկ ամսական կտրվածքով՝ գրեթե եռապատկվել։ Այսպես, եթե 2016 թվականի հոկտեմբերին Հայաստանից ԱՄՆ փոխանցվել էր շուրջ 8.5 մլն դոլար, ապա այս տարվա հոկտեմբերին այդ թիվը հասել է 23.1 մլն դոլարի։ Ստացվում է՝ հոկտեմբերին Հայաստանից ԱՄՆ փոխանցումների զուտ ներհոսքը բացասական է՝ -6.5 մլն դոլար։ 6.5 մլն դոլարով ավելի շատ ուղարկվել է ԱՄՆ, քան այնտեղից ստացվել։

Թե որն է Հայաստանից ԱՄՆ դրամական փոխանցումների կտրուկ աճի պատճառը՝ դժվար է ասել։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին 3 տարիների ընթացքում ԱՄՆ-ից դրամական փոխանցումների ամսական զուտ ներհոսքը միշտ դրական է եղել՝ ավելի շատ ստացվել է, քան ուղարկվել։

Այս տարվա ընթացքում բացասական ներհոսք գրանցվել է միայն փետրվարին (-8.7 մլն դոլար) և սեպտեմբերին (-2.6 մլն դոլար)։ Եթե նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին այս դինամիկան պահպանվի, ապա տարվա կտրվածքով ԱՄՆ-Հայաստան փոխանցումների զուտ ներհոսքը կլինի բացասական (այս պահին դրական է՝ 144.7 մլն դոլար ներհոսք, 136.7 մլն դոլար արտահոսք)։

Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ-Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքը տարեկան կտրվածքով բացասական եղել է 2008 թվականին (-18.1 մլն դոլար՝ պայմանավորված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով) և 2011 թվականին (-6.9 մլն դոլար)։

Ամփոփելով՝ նշենք, որ չնայած դեպի ԱՄՆ արտահոսքի զգալի աճին, ընդհանուր առմամբ արտերկրից ստացվող դրամական փոխանցումների զուտ ներհոսքն աճել է՝ 2016 թվականի հունվար-հոկտեմբերի 556,5 մլն դոլարից հասնելով 583,5 մլն դոլարի։

Տեսանյութեր

Լրահոս