Արմեն Օհանյանն ընտրվել է ԱԺ պատգամավոր

Դեկտեմբերի 11-ին Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում (թիվ 6 ընտրատարածք) անցկացված ԱՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններում ընտրվել է Արմեն Օհանյանը:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, նշելով, որ Հադրութի տարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է 2017թ. դեկտեմբերի 11-ին թիվ 6 ընտրատարածքում անցկացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները:

Աղբյուրի փոխանցմամբ՝ համաձայն այդ արդյունքների` թիվ 6 ընտրատարածքում ընտրությունները կայացել են. դրանց մասնակցել է ընտրողների 77,2 տոկոսը, իսկ քվեարկված միակ թեկնածուին կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների 94,2 տոկոսը:

Նշենք, որ թիվ 6 ընտրատարածքում ԱՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություն անցկացնելու կարիք առաջացել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 6-ին հանրապետության նախագահի որոշմամբ՝ շրջանի վարչակազմի ղեկավար է նշանակվել «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ, վերոնշյալ ընտրարածքից պատգամավոր ընտրված Իվան Ավանեսյանը:

Տեսանյութեր

Լրահոս