Կարեն Կարապետյանն ընդունել է Սորին Վասիլեին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել դեսպանի կատարած աշխատանքից և կարևորել հայ-ռումինական հարաբերությունների հետագա զարգացումը, հատկապես` տնտեսական ոլորտում: Կառավարության ղեկավարը կարևորել է երկկողմ միջկառավարական հանձնաժողովի դերը՝ տնտեսական կապերի դիվերսիֆիկացման համատեքստում, հաշվի առնելով նաև Հայաստանի միջոցով Եվրասիական և իրանական շուկաներ դուրս գալու հնարավորությունները:

Դեսպանն ընդգծել է, որ մեր երկրից հեռանում է լավագույն հիշողություններով և վստահեցրել, որ հետագայում ևս կփորձի նպաստել հայ-ռումինական կապերի ամրապնդմանը: Պարոն Վասիլեն նշել է, որ հետևում է ՀՀ կառավարության գործունեությանը, վերջին շրջանում նկատվող տնտեսական հաջողություններին և համոզմունք հայտնել, որ ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագիրը Հայաստանին թույլ կտա համագործակցության լավ հարթակ դառնալ ԵԱՏՄ-ի և եվրոպական երկրների միջև: Դեսպանի խոսքով` հայկական ապրանքները, հատկապես, գյուղմթերքներն իրենց
որակով մեծ հնարավորություններ ունեն մուտք գործելու ռումինական շուկա, ինչի ուղղությամբ իրականացվում է հետևողական աշխատանք:

Հանդիպման ավարտին Կարեն Կարապետյանը Սորին Վասիլեին շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս