
Ողջունում ենք Ստեփանակերտի հետ Հոնոլուլուի բարեկամական հարաբերություններ հաստատելու մտադրությունը. ԱՀ ԱԳՆ

Դեկտեմբերի սկզբին մամուլում տարածված տեղեկատվության համաձայն՝ Հոնոլուլուի քաղաքային խորհրդի անդամ Քիմբերլի Մարկոս Փայնը հայտնել է, որ մտադիր են բարեկամական հարաբարություններ հաստատել Ստեփանակերտի հետ։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը հարցի կապակցությամբ նշել է, որ նմանատիպ հարաբերությունների հաստատումը կարևոր ներդրում կլինի Արցախի և ԱՄՆ Հավայի նահանգի միջև համագործակցության զարգացման և ընդլայնման գործում։
«Ողջունում ենք Հոնոլուլուի քաղաքային իշխանությունների մտադրությունը՝ Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ և տարբեր ոլորտներում գործնական կապեր հաստատելու վերաբերյալ։ Երկկողմ կապերի հաստատումը մնում է մեր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից մեկը»,-ասել է Ա. Ներսիսյանը և ավելացրել, որ Արցախի իշխանությունները շարունակելու են ջանքերը՝ օտարերկրյա պետությունների հետ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման և տարբեր ոլորտներում համատեղ գործնական ծրագրերի իրականացնացման ուղղությամբ։
Հատկանշական է, որ Հոնոլուլուն ԱՄՆ Հավայի նահանգի վարչական կենտրոնն է, և ամենախոշոր քաղաքը՝ ավելի քան 350 000 բնակչությամբ։
Նշենք, որ դեռևս անցյալ տարվա մարտի 29-ին Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատը Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին բանաձև է ընդունել, իսկ ապրիլի 20-ին մեկ այլ բանաձև է ընդունվել Հոնոլուլու շրջանի և քաղաքի Խորհրդի կողմից, որը սատարում է Արցախի Հանրապետությանն ու նրա իշխանությունների շարունակական ջանքերը՝ երաշխավորելու Արցախի քաղաքացիների իրավունքները։