«Ելքի» ստեղծած հանձնաժողովը հնարավորություն է ունենալու մանկապարտեզների պաշտոնյաներին հրավիրել և իր հարցերը բանավոր ուղղել նրանց
Այսօր Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը հանդես է եկել քննող հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: 168.am-ի հետ զրույցում խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, որ հանձնաժողովը ստեղծվում է խմբակցության պահանջով, օրենքի ուժով:
«Այն քննելու է նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ մանկապարտեզներում, եղած հնարավոր բոլոր տեսակի չարաշահումները: Մենք գիտենք և պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ մանկապարտեզներում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք կրում են համակարգային բնույթ՝ թե՛ ֆինանսական, թե՛ ադմինիստրատիվ չարաշահումներ: Գտնում ենք, որ այս խնդրով պետք է ստեղծվի քննող հանձնաժողով:
Ըստ օրենքի՝ քննող հանձնաժողովում լինելու են ավագանու բոլոր երեք խմբակցությունները՝ հավասար ներկայացվածությամբ, իսկ հանձնաժողովի նախագահը լինելու է այն խմբակցությունից, որը նախաձեռնել է, այսինքն՝ «Ելք» խմբակցությունից: Մենք ներկայացրել ենք Արայիկ Հարությունյանին՝ որպես այդ քննող հանձնաժողովի նախագահ: Այդ հանձնաժողովը մեզ լայն հնարավորություններ է տալու համակարգային կերպով բացահայտելու չարաշահումները»,- նշեց Դ. Խաժակյանը:
Հարցին՝ հանձնաժողովն ի՞նչ է անելու այդ ուսումնասիրությունների արդյունքները, ներկայացնելո՞ւ է ավագանուն, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Այո, ներկայացնելու է ավագանուն: Մենք կհրապարակենք այդ արդյունքները, և այստեղ կարևոր են այդ չարաշահումների վերհանումները, որովհետև ես վստահ եմ, որ դրանից հետո փոփոխությունները կհաջորդեն, որովհետև ներկայումս կան բազմաթիվ խնդիրներ, որոնք քողարկված են, և մարդիկ խոսում են միայն տեսանելի խնդիրների մասին, օրինակ, մանկապարտեզների հերթերի մասին, խմբերի խտությունների մասին, բայց, օրինակ, ֆինանսական չարաշահումները դժվար տեսանելի են մանկապարտեզներում, ու պարզապես պետք է ստանալ այդ հաշվետվություններն ու համեմատել իրականության հետ»:
Դ. Խաժակյանը նշեց, որ իրենք բազմաթիվ գրություններ և նամակներ են ստացել տարբեր չարաշահումների վերաբերյալ. «Մեր խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը հանդիսանում է ավագանու կազմում գործող կրթությանը վերաբերող հանձնաժողովի նախագահը և այդ խնդիրը խորապես ուսումնասիրել է, և բազմաթիվ չարաշահումներ արդեն բացահայտված են, սակայն խնդիրն այն է, որ մենք տեղեկատվությունը ստանալիս հանդիպում ենք բազմաթիվ խոչընդոտների:
Այսինքն՝ որպեսզի մեկ պարզագույն հաշվետվություն ստանանք, գրում ենք մեկից ավելի գրություններ, ինչը նշանակում է, որ այդ գործընթացը երկարում է ամիսներով: Քննող հանձնաժողովն ավելի արագ է գործելու և հնարավորություն է ունենալու համապատասխան անձանց, պաշտոնյաների հրավիրել և իր հարցերը բանավոր կերպով ուղղել, ինչը շատ կարևոր լծակ կլինի այդ հանձնաժողովի համար»:
Մեր ճշտող հարցին, թե արդյոք այդ հանձնաժողովը համագործակցելո՞ւ է իրավապահ մարմինների հետ, Դ. Խաժակյանը պատասխանեց, որ դա կախված է լինելու, թե ինչպիսի բացահայտումներ կանեն. «Ես դա ևս չեմ բացառում, բայց նաև մեզ համար շատ կարևոր է մանկապարտեզների կազմակերպչական հարցը, ինչը քաղաքապետի մասով է: Այսինքն՝ մենք պետք է վերցնենք եղած խնդիրները և ներկայացնելով քաղաքապետին կամ համապատասխան մարմիններին՝ ասենք, որ լուրջ անհրաժեշտություն կա փոփոխություններ իրականացնելու»:
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե հանձնաժողովը ստեղծելու համար անհրաժեշտություն կա՞, որ քաղաքապետը հաստատի, թե՞ այն կարելի է ստեղծված համարել, և Դ. Խաժակյանն այսպես պատասխանեց. «Երևանի ՏԻՄ օրենքն ասում է, որ հանձնաժողովը ստեղծվում է խմբակցության պահանջով, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր խմբակցություն, առանց քաղաքապետի կամ ավագանու որոշման՝ կարող է ստեղծել քննող հանձնաժողով: Ես չեմ բացառում, որ խոչընդոտներ կլինեն, բայց ինչ էլ լինի, լինելու է օրենքից դուրս, իսկ օրենքի շրջանակներում այդ հանձնաժողովը փաստացի կարելի է համարել ստեղծված»: