Պատանդառուին վնասազերծելիս ոստիկանների գործողություններն իրավաչափ են եղել. գործը կարճվել է

Քննության ընթացքում պարզվել է, որ օգոստոսի 29-ին «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահի տարածքում երիտասարդ աղջկան պատանդ վերցրած Գոռ Հակոբյանին վնասազերծելու ընթացքում ոստիկանների գործողություններն իրավաչափ են եղել։

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը 168.am-ին հայտնեց, որ քրեական գործի վարույթը կարճվել է։ Որոշումը կայացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասոի 3-րդ կետի հիմքով՝ վնաս պատճառած արարքը քրեական օրենքով համարվում է իրավաչափ։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Գ.Հակոբյանը 24-ամյա կնոջ հետ «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահի տարածք է մուտք գործել օգոստոսի լույս 29-ի գիշերը՝ ժամը 04-ի սահմաններում։ Իսկ օգոստոսի 29-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, կոտրել է խաղասրահի պատուհանների ապակիները, վնասել գույքը՝ ուշադրություն գրավելու համար։

Խաղասրահի մոտ հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ, դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցներ, որոնց ներկայությամբ տղամարդը, դանակը պահելով երիտասարդ կնոջ կոկորդի մոտ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, պահանջել է ներս հրավիրել 5 քաղաքացիների և փաստաբանի՝ հակառակ դեպքում սպառնալով սպանել նրան։

Պատանդին ազատ արձակելուն ուղղված բանակցություններն արդյունք չեն տվել. տղամարդը հրաժարվել է ենթարկվել իրավապահ մարմինների աշխատակիցների օրինական պահանջներին։ Կնոջ կյանքին սպառնացող իրական վտանգը կանխելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների կողմից իրականացվել է հատուկ գործողություն, որի ժամանակ նա ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է Գ.Հակոբյանի կենսաբանական մահը։ 31-ամյա տղամարդը վերջին տարիներին բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ ծանր հանցագործության համար դատապարտվել է երկարատև ազատազրկման։ Հայաստան է ժամանել 4 ամիս առաջ՝ արտաքսվելով ԱՄՆ-ից։ Տուժածի հետ ծանոթացել է մոտ երկու ամիս առաջ՝ Հայաստանում։

Տեսանյութեր

Լրահոս