Բաժիններ՝

«Մենք որևէ օրինագիծ երբեք չենք արտագրում որևէ տեղից». ՀՀԿ-ական պատգամավոր

«Այս օրենքը միայն կանանց նկատմամբ բռնության մասին չէ. այն վերաբերում է և՛ տղամարդկանց, և՛ երեխաներին, և՛ կանանց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ խոսելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման» մասին օրենքի նախագծի մասին:

Նրա խոսքով՝ մենք պետք է պայքարենք ընդհանրապես մարդու իրավունքների համար, որովհետև բռնություններ իրականացվում են նաև տղամարդկանց և երեխաների հանդեպ.

«Պետք է նշեմ, որ մեր խմբակցությունում ընդհանրապես շատ բուռն են եղել քննարկումները: Կան պատգամավորներ, ովքեր ընդհանրապես դեմ էին, որ այս օրենքն ընդունվի, բայց այդ պատգամավորները հասարակության որոշակի հատվածի ներկայացուցիչներն են, և իրականում հասարակությունում էլ կան նման մարդիկ: Ես ինքս կողմ եմ, որ այս օրինագիծն ընդունվի: Սա միայն պարտավորություն չէ մեր միջազգային գործընկերների հանդեպ:

Քանի որ ամբողջ աշխարհում, հատկապես՝ նաև Հայաստանում, բռնությունն ավելանում է, ես կողմ եմ, որ գործի օրենքը: Կարծում եմ՝ այս օրենքը կարող է արդյունավետ լինել: Իրականում մենք ունենք մեր ազգային յուրահատկությունները, և որևէ օրինագիծ, որ մենք ընդունում ենք, երբեք չենք արտագրում որևէ տեղից, այլ համապատասխանեցնում ենք և՛ մեր իրողությանը, և՛ մեր կյանքի պայմաններին, և՛ ազգային առանձնահատկություններին: Կարծում եմ՝ սա հենց այդ օրինակն է»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս