
«Հայոց ցեղասպանության ժամանակ երեխաների սպանդը հերքող Էրդողանը չի կարող դասեր տալ Իսրայելին». Յաիր Լապիդ

Իսրայելական Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով ժխտում է Հայոց ցեղասպանության ընթացքում երեխաների սպանության փաստը, չի կարող դասեր տալ Իսրայելին: Այս մասին կուսակցության առաջնորդը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
Գրառումը հաջորդել է Էրդողանի հայտարարությանը, որում նա Իսրայելն անվանել էր «ահաբեկչական պետություն»:
«Թուրքիայի նախագահ Էրդողանն Իսրայելն անվանում է «ահաբեկչական պետություն, որը սպանում է երեխաներին»: Այն անձը, ով հերքում է Հայոց ցեղասպանության ընթացքում երեխաների սպանդը, մեզ դասեր տալու իրավունք չունի»,- գրել է Լապիդը:
Նա ավելի վաղ՝ 2017 թվականի հուլիսին դիմել էր Իսրայելի ղեկավարությանը՝ հորդորելով պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ավելի վաղ Էրդողանի հայտարարությանը պատասխանել էր նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ով Էրդողանի խոսքերը որակել էր որպես «հարձակում Իսրայելի դեմ»: «Սեփական երկրում քրդական գյուղերը ռմբակոծող, լրագրողներին բանտարկող, Գազզայում ահաբեկիչներին օգնող ու անմեղներին սպանող ղեկավարից բարոյականության դասեր չպետք է քաղեմ»,- ասել էր նա: