
Ֆրանսիայի «Հանրապետականները» կուսակցության նոր ղեկավար են ընտրել

Ֆրանսիայի Օվեռն-Ռոնա-Ալպեր տարածաշրջանի խորհրդի ղեկավար 42-ամյա Լորան Վոկիեն ընտրվել է Ֆրանսիայի «Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցության նոր ղեկավար: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է ընտրությունների կազմկոմիտեի ղեկավար Անն Լեւադը:
«Հանրապետականների» ղեկավարի ընտրություններին կարող էին մասնակցել կուսակցության 235 հազար անդամներ: Քվեարկությունն էլեկտրոնային էր, կարելի էր քվեարկել ինչպես համակարգչով, այնպես էլ սմարթֆոնով: Ցանկացողների համար նաեւ բացվել էր քվեարկության շուրջ 250 տեղամաս:
Ընտրությունների արդյունքների համաձայն, Վոկիեն ստացել է քվեարկության մասնակիցների 74,6 տոկոսի աջակցությունը՝ հաղթանակ տանելով առաջին փուլում: Ֆլորանս Պորտելիի օգտին տրվել է ձայների 16,11 տոկոսը, Մայել դե Կալանի օգտին՝ 9,25 տոկոսը:
«Հանրապետականների» վերջին նախագահը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին էր: 2016 թվականի օգոստոսին նա վայր դրեց կուսակցապետի լիազորությունները, որպեսզի մասնակցի նախագահական ընտրություններում աջ կենտրոնամետների փրայմերիզներին: Մի քանի ամիս կուսակցության նախագահի պարտականությունները կատարում էր Վոկիեն, 2016 թվականի նոյեմբերին կուսակցության ղեկավարությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում հանձնվեց Ազգային ժողովի նախկին խոսնակ Բեռնար Ակուային, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: