Ավելի բարձր կենսաթոշակ`դիմում ներկայացնելու դեպքում
Կուտակային բաղադրիչի մասնակիցը կարող է ապագայում ավելի բարձր կուտակային կենսաթոշակ ստանալ` ներկայացնելով սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն սահմանաչափերը չկիրառելու մասին դիմում: Դրանով` այն մասնակիցը, ով ստանում է ամսական 500,000 դրամից բարձր աշխատավարձ, համաձայնում է կատարել ոչ թե ներկայումս գործող առավելագույն չափով սոցիալական վճար` ամսական 25,000 դրամ, այլ ավելի շատ` այնքան, որ իր և պետության հատկացումները միասին կազմեն իր եկամտի 10 տոկոսը:
Ներկայումս սոցիալական վճարի առավելագույն չափը 25,000 դրամն է, և այդ գումարից ավելի շատ հատկացումներ մասնակցի աշխատավարձից չեն կարող կատարվել: Դրա արդյունքում` 500,000 դրամից բարձր աշխատավարձ ստացող մասնակիցները կուտակում են ոչ թե իրենց եկամտի 10 տոկոսը, այլ սահմանված առավելագույն չափով գումար: Մինչդեռ կուտակային համակարգի արդյունավետության և ակնկալվող բարձր կենսաթոշակի ձևավորման կարևոր պայման են կուտակային հատկացման չափը և կուտակման ժամանակահատվածը:
Նոր կարգով` կուտակային բաղադրիչի մասնակցին հնարավորություն է տրվում կատարել իր եկամտին համապատասխան սոցիալական վճար և ձևավորել առավել բարձր կուտակային կենսաթոշակ:
Արդեն 2018 թվականի գարնանից սկսած` կուտակային համակարգի մասնակիցները կկարողանան իրենց գործատուի միջոցով դիմում ներկայացնել հարկային մարմին և հրաժարվել սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն սահմանաչափի կիրառումից:
Այդ դեպքում, ամսական 500,000 դրամից բարձր աշխատավարձ ստացող մասնակցի համար պետությունը կկատարի ֆիքսված 25,000 դրամ հատկացում, իսկ մասնակցի աշխատավարձից կկատարվի այնքան սոցիալական վճար, որ պետության փոխանցած գումարի հետ միասին կազմի մասնակցի աշխատավարձի 10 տոկոսը:
Օրինակ` 600,000 դրամ ամսական աշխատավարձի դեպքում, եթե մասնակիցը ներկայացնի սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն սահմանաչափը չկիրառելու մասին դիմում, պետությունը նրա համար կփոխանցի 25,000 դրամ, իսկ մասնակիցը` 35,000 դրամ: Այսպիսով` մասնակիցը կկուտակի ամսական 60,000 դրամ իր ապագա կենսաթոշակի համար: Միչդեռ այս դիմումը չներկայացնելու պարագայում կկուտակվի ամսական 50,000 դրամ` այսպիսով ազդելով իր ապագա կենսաթոշակի չափի վրա:
Ի դեպ, այս որոշումը Դուք միշտ կարող եք վերանայել և ներկայացնել սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն սահմանաչափերի կիրառումը վերսկսելու մասին դիմում:
Իմացիր ավելին՝ զանգահարելով 114 անվճար թեժ գծին, կամ գրելով նամակ www.epension.am կայքի միջոցով:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն- ԿՀԻԿ