«Հայկական դիվանագիտության համար սա բավականին դրական է»

Հարցազրույց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ

– Պարոն Շարմազանով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների երեկվա հայտարարության մեջ գոհունակություն է հայտնվում «բանակցությունների ակտիվացման» կապակցությամբ: Համամի՞տ եք, որ «բանակցություններ» են, և ակտիվացում կա։

– Նախ՝ պատվիրակությունների ղեկավարների՝ ԱՄՆ պետքարտուղարի, ՌԴ արտգործնախարարի և Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի եռակողմ պաշտոնական հայտարարությունը դրական եմ գնահատում։ Այնտեղ հստակ նշվում է, որ խնդիրը բացառապես պետք է ունենա խաղաղ կարգավորում, աջակցություն է հայտնվում ՄԽ բանակցային գործընթացին, ավելին, կոչ է արվում իրականացնել Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները։

Սրանք այն կետերն են, որոնց մասին մշտապես խոսել են հայաստանյան և արցախյան կողմերը, և որի մասին 1 տարի լռում էր կամ խուսափում էր իրականացնել ադրբեջանական կողմը։

Ադրբեջանը ջանք չէր խնայում, որպեսզի այդ պայմանավորվածություններն ուղարկի պատմության աղբարկղը, սակայն այս հայտարարությունը, ի թիվս ԱլԳ գագաթաժողովում և ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանում հնչած հայտարարությունների՝ Արցախյան հիմնահարցի մասին, գալիս է ապացուցելու, որ, ի հեճուկս Ադրբեջանի՝ ՄԽ համանախագահ երկրների պաշտոնական ներկայացուցիչները, այսինքն՝ արտաքին քաղաքական պատասխանատուները, ի ցույց են դնում, որ Վիեննան և Սանկտ Պետերբուրգը պետք է դառնան իրականություն։

Հայկական դիվանագիտության համար սա բավականին դրական է, և, եթե այս տրամաբանությամբ շարունակվի, իհարկե, ես դրական եմ գնահատում, որ բանակցային գործընթացը կարող է վերսկսվել։

Ամեն դեպքում, սա հուսադրող հայտարարություն է և ցույց է տալիս, որ Ադրբեջանի ծրագրերն այս փուլում ձախողվել են։

– Հայտարարությամբ կոչ է արվում ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը և հետո նշվում է, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ընդունված «մյուս որոշումները ևս պետք է իրականացվեն»: Ինչո՞ւ է գրասենյակի ընդլայնման հարցին առաջնահերթություն տրվել։

– Վիեննայում էլ է դա առաջնային եղել, նաև՝ Սանկտ Պետերբուրգում, որ պետք է ընդլայնենք անձնական ներկայացուցչի հնարավորությունները և միաժամանակ ներդնենք վստահության մեխանիզմները։ Այս հայտարարությունն ամբողջությամբ համահունչ է հայկական կողմի հայտարարություններին, գոնե այս փուլում։ Եվ այնպես չէ, որ Բաքուն սա մեծ ուրախությամբ ընդունել է։

Ալիևին սպասարկող քաղաքագետները ցնցված չեն այս հայտարարությամբ։ Ինչ վերաբերում է գնահատականներին, եթե հիշում եք, մենք միշտ ասում էինք, որ Սանկտ Պետերբուրգն ու Վիեննան մեր օրակարգում են, իսկ որոշ լրատվամիջոցներ կամ փորձագետներ, որոնք ջանք չէին խնայում քննադատելու մեր արտաքին քաղաքականությունը, մեղադրում էին, որ Հայաստանը հետ է կանգնել Վիեննայից և Սանկտ Պետերբուրգից։

Հիմա ոչ միայն Հայաստանն է հայտարարում, որ հետ չի կանգնել, այլև Մինսկի խմբի 3 պետությունների արտաքին պատասխանատուներն են դրա մասին հայտարարություն անում։ Եվ սա նաև մեր դիվանագիտության հաջողությունն է։

– Ադրբեջանի արձագանքն ինչպիսի՞ն կլինի։

– Ես չեմ կարող ասել, թե Ադրբեջանի արձագանքն ինչպիսին կլինի։ Ինձ համար կարևոր է, որ ՄԱԿ-ի մանդատ ունեցող միակ կառույցը, որ պետք է զբաղվի ԼՂ կարգավորման գործընթացով, իր արտաքին պատասխանատուների մակարդակով նման գնահատական է հնչեցնում, որը համահունչ է մեր գնահատականին։

– ԱՄՆ նախագահ Թրամփը Երուսաղեմն անվանեց Իսրայելի մայրաքաղաք։ Սա կարո՞ղ է ազդել ԼՂ միջազգային ճանաչման գործընթացի վրա։

– Մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ Արցախի խնդիրը չպետք է կապել ո՛չ Ղրիմի, ո՛չ Օսիայի, ո՛չ Աբխազիայի, առավել ևս՝ ո՛չ էլ Երուսաղեմի խնդրի հետ, որը շատ բարդ խնդիր է։ Թրամփի հայտարարությունը ոչ միանշանակ է ընդունվել նրա դաշնակից ԵՄ որոշ երկրների կողմից։ ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը դրա մասին գնահատական տվել է, Երուսաղեմի մեր պատրիարքարանը կարծիք արտահայտել է, և, չեմ կարծում, որ այստեղ իմ համեստ կարծիքի կարիքը կա։

Ես մի բան կարող եմ ասել, որ բոլոր հարցերում, Երուսաղեմի հարցում ևս, պետք է ունենալ շատ զգույշ, չափավոր մոտեցում, որպեսզի չլինի էսկալացիա։

Տեսանյութեր

Լրահոս