ԶՈՒ գլխավոր շտաբում փոփոխությունները կշարունակվեն. Ով է հաջորդը. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբում մեծ փոփոխություն եղավ. ԳՇ պետի տեղակալի պաշտոնից, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, այսպես ասած, հորդորով ազատվեց գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը:
Նրա պաշտոնում դեռ Սերժ Սարգսյանը չի շտապում նշանակում կատարել:
Մեր ունեցած տեղեկություններով, այդ պաշտոնում նշանակում չի լինի, այդ հաստիքը կրճատվի:
Նշենք, որ ԳՇ պետի տեղակալների մեջ սա առաջին փոփոխությունը չէ. մասնավորապես՝ սույն թվականի մայիսի 3-ին առաջին տեղակալի պաշտոնից ազատվեց եւ այլ պաշտոնի նշանակվեց գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը: Հաջորդ օրը՝ Ապրիամովը նշանակվել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնում:
Մեկ ամիս անց Սերժ Սարգսյանի հրամանագրով ԳՇ պետի առաջին տեղակալ նշանակվեց գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը: Այժմ ԳՇ պետի տեղակալները երկուսն են՝ Օնիկ Գասպարյան եւ Ստեփան Գալստյան:
Մեր տեղեկություններով, բացի Հայկազ Բաղմանյանից կադրային փոփոխությունների արդյունքում պաշտոնից կազատվի նաեւ Ստեփան Գալստյանը: ԶՈւ գլխավոր շտաբի պետը կունենա միայն մեկ տեղակալ: Այդ տեղակալը կլինի գեներալներից 47-ամյա գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: