Եվրոպական նոր մտրակ. ինչ անել օֆշորի «հերոսների» հետ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Եվրամիության ֆինանսների նախարարները հրապարակել են 17 երկրների «սեւ ցանկը», որոնք հարկերից խուսափողների թաքստոցներ են համարվում: Այդ ցանկի երկրների մեծ մասում են գտնվում օֆշորային գոտիները: Սա աննախադեպ քայլ է համարվում աշխարհով մեկ հարկերից խուսափողների դեմ պայքարելու համար:
Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության փոխանացմամբ՝ Բրյուսելում կազմվել է նաեւ երկրների երկրորդ, այսպես կոչված, «մոխրագույն» ցանկ, որտեղ 47 երկրների թվում ընդգրկված է նաեւ Հայաստանը: Սրանք այն երկրներն են, որոնք խոստացել են օրենսդրորեն պայքարել օֆշորային գործելաոճի դեմ, ապահովել հարկային ու ֆինանսական հաշվետվությունների թափանցիկություն:
Հայաստան-Եվրամիություն համաձայնագրով եվրաինտեգրման նոր հանգրվանի հասած Հայաստանը պարտավոր է լուրջ հետեւություններ անել նման ցուցակներից, դրանցից բխող պարտավորություններից, որովհետեւ ԵՄ-ում նաեւ այդ չափանիշն են առանցքային համարում տարբեր հիմնադրամների ռեսուրսներն այս կամ այն երկրի առջեւ բացելու պարագայում:
Կան հանգամանքներ, որոնք Հայաստանի իշխանություններին պետք է ստիպեն ավելի աչալուրջ մոտեցում ցուցաբերել այս հարցում, որովհետեւ եվրոպական միջավայրում ընդունված է խստորեն հետեւել սահմանված չափանիշներին` դրանց համապատասխանության հիմքով գնահատելով ԵՄ-ի հետ համագործակցության տարբեր մակարդակ ունեցող երկրների արդիականացման պոտենցիալը, բարեփոխումների ռեսուրսը:
«Պանամական փաստաթղթեր» անունը կրող օֆշորային դոսյեներում 26 հայաստանցու անուն էր ներառված, հայտնի դեմքերից՝ Միհրան Պողոսյանը եւ Վարդան Տողանյանը:
Փաստաթղթերի հրապարակումից հետո Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց ԴԱՀԿ պետի պաշտոնից, փաստի առթիվ նույնիսկ քրեական գործ հարուցվեց: Թվում էր` «Քեթրին» մականունով հայտնի գեներալի իշխանական վայելքների վերջակետը դրված է, սակայն նա 2017թ-ի խորհրդարանական ընտրություններում Քանաքեռ համայնքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվեց ՀՀԿ-ի կողմից:
Մնում է ենթադրել, որ «Պանամական փաստաթղթերը» Հայաստանի մասով ունեն չբացահայտված անուններ, որոնք նույնանում են բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Սակայն հայ-ռուսական հարաբերությունների մեկ այլ ասպեկտ շատ ավելի մեծ մարտահրավեր է Բրյուսելում հրապարակված ցուցակների համատեքստում:
Գաղտնիք չէ, որ Հայաստանը շատ դեպքերում «լվացքատուն» է` ռուսական կեղտոտ փողերի «սպիտակեցման» համար: Հայաստանի իշխանություններն այս հարցերում պետք է լուրջ հետեւություններ անեն, եթե ուզում են ոչ միայն հրաժեշտ տալ «մոխրագույն» ցուցակին, այլ չեզոքացնեն «սեւ» ցուցակում հայտնվելու ռիսկերը:
Եվրաինտեգրումն առաջին հերթին ենթադրում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ձերբսզատվեն կոռուպցիոն մտածողությունից, ինչը նրանց ամուր կապում է Պուտինի ռեժիմի «մենթալիտետային» արժեհամակարգի հետ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: