Հայկական արտադրության կոսմետիկան մուտք է գործում շուկայում առաջատար Հարավային Կորեա
Հայկական արտադրության բնական և օրգանական կոսմետիկայի` շուրջ 10 հազար դոլարի առաջին փորձնական խմբաքանակն արտահանվում է Հարավային Կորեա և Հոնգ Կոնգ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` արտահանման պատվերը «Նաիրիան» ընկերությունը ստացել է Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում «Cosmoprof North America 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցության արդյունքում:
Ինչպես նշեց «Նաիրիան» ընկերության համահիմնադիր և գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանը, կորեացիներից պատվեր ստանալն անակնկալ էր իրենց համար, քանի որ այդ երկիրն աշխարհում հայտնի է կոսմետիկայի իր բազմատեսակ արտադրանքով: «Միևնույն ժամանակ կորեացի կանայք շատ լավ են հասկանում կոսմետիկայից և գնահատում են որակն ու հատկապես դրա բաղադրությունը: Այդ իմաստով` զարմանալի չէր, որ մեզ վրա ուշադրություն դարձրեցին»,-ասաց Անահիտ Մարկոսյանը:
Նա հայտնեց, որ մինչ արտահանումը մանրամասն պատասխանել են բծախնդիր գնորդների բոլոր հարցադրումներին, տրամադրել տեղեկատվություն ապրանքի բաղադրության, պատրաստման եղանակների մասին:
Անդրադառնալով ընկերության արտադրանքի սպառման շուկաներին` Անահիտ Մարկոսյանը նկատեց, որ հավասարապես կարևորում են բոլոր երկրները, ուր արտահանում են արտադրանքը` Ռուսաստան, Ճապոնիա և ԱՄՆ, բայց ուրախությամբ փաստեց, որ ամենաշատ վաճառքն ապահովվում է Հայաստանում: «Դա մեզ շատ է ոգևորում, քանի որ կարողանում ենք բավարարել տեղացիների պահանջները»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, Անահիտ Մարկոսյանը տեղեկացրեց, որ նախատեսում են բացել հատուկ գիծ տղամարդկանց համար, ինչպես նաև կունենան տեսականի երեխաների համար: «Մեծացնելու ենք մեր ապրանքատեսակների շրջանակը, մասնավորապես նախատեսում ենք հակապիգմենտային կրեմների արտադրություն: Մտածում ենք նաև օծանելիք արտադրելու մասին, դա գուցե հեռու ապագայի ծրագիր է, բայց ունենք նմանատիպ ամբիցիոզ նպատակ»,-հավելեց ընկերության համահիմնադիրը:
«Նաիրիանի» Մարքեթինգի և վաճառքի գծով տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանի խոսքով` ԱՄՆ-ում անցկացվող կոսմետիկայի մասնագիտացված ցուցահանդեսին, որին այս տարի մասնակցում էին 1200-ից ավելի արտադրող բրենդներ, առաջին անգամ էր հանդես գալիս հայկական ընկերություն: «Երեք օր շարունակ մենք հանդիպել ենք միջազգային գնորդների հետ` կոսմետիկայի ոլորտի փորձագետների, դիստրիբյուտորների, որոնցից երկուսի հետ բանակցությունները հասան լավագույն արդյունքի: Անցյալ շաբաթ ստորագրել ենք պայմանագրերը, ներկայում արտադրանքը փաթեթավորել ենք, եկող շաբաթ արդեն կուղևորվի Կորեա»,-ասաց Լիլիթ Մարտիրոսյանը:
Հայաստանի զարգացման հիմնադրամի Հետսպասարկման թիմի համակարգող Անահիտ Մկրտչյանը հատկանշական համարեց այն, որ հայկական արտադրանքի արտահանման շուկան դիվերսիֆիկացվում է: «Մենք կարևորում ենք ոչ միայն արտահանվող ապրանքների ֆիզիկական ծավալների ավելացումը, այլև հայկական բրենդների ձևավորումն ու միջազգային ճանաչելիության բարձրացումը: «Նաիրիանը» շատ լավ օրինակ է մյուս ընկերությունների համար, քանի որ, եթե ունես բարձրորակ արտադրանք, միշտ կարող ես գտնել համապատասխան շուկա»,-ասաց ՀԶՀ ներկայացուցիչը:
Նա տեղեկացրեց, որ ընթացիկ տարում հիմնադրամի աջակցությամբ 100-ից ավելի ընկերություն մասնակցել է 10 ցուցահանդեսի, որոնց արդյունքում 5 միլիարդ դրամից ավելի արտահանման պայմանագրեր են կնքվել:
«Նաիրիան» ընկերությունը հիմնադրվել է 2012-ին և աշխատում է Հայաստանի բնաշխարհի ռեսուրսներով, օգտագործվող բույսերը մշակում է օրգանական եղանակով իր սեփական դաշտային տնտեսությունում: Այստեղ զբաղված է շուրջ 40 աշխատակից, մի մասը Արագյուղից են, որտեղ տեղակայված է ընկերության արտադրամասը:
Անի Նազարյան