«Չստացվի այնպես, թե եկանք, հայտարարեցինք, մեծ-մեծ բաներ խոսեցինք, բայց ոչինչ չարեցինք». Հարություն Խաչատրյանը՝ Կինոյի տան վերածննդի մասին
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում այսօր տեղի ունեցավ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի՝ միության նախագահի պաշտոնում առաջին մամուլի ասուլիսը: Միության նախագահի պաշտոնը ստանձնելուց 40 օր անց Հարություն Խաչատրյանը լրագրողների ներկայությամբ հայտարարում է՝ վերջապես բացվել են Կինեմատոգրաֆիստների միության տարիներ շարունակ փակված դռները՝ լայնարձակ հնարավորություններ տալով կինոյի աշխարհ մուտք գործելու հատկապես երիտասարդ սերնդին, որտեղ, անշուշտ, ավագ սերունդը նույնպես անտեսված չի մնալու:
Արդեն կատարված աշխատանքների ամփոփումը և ապագայում նախատեսված հսկայածավալ աշխատանքները ներկայացնելիս, սակայն, պարոն Խաչատրյանը չի մոռանում ընդգծել.
«Այս ամենը որ մենք սկսել ենք կամ ուզում ենք իրականացնել, անշուշտ, պետք է ամբողջությամբ կյանքի կոչենք, որ չստացվի այնպես, թե եկանք հայտարարեցինք, մեծ-մեծ բաներ խոսեցինք, բայց ոչինչ չարեցինք: Դուք՝ լրագրողներդ էլ, նրա համար եք, որ ամեն ինչ հիշեցնենք մարդկանց՝ ի՞նչ էին խոստացել, ի՞նչն արվեց և ի՞նչը՝ ոչ, որպեսզի չստացվի այնպես, թե մեծ խոստումներ ենք տալիս, բայց ոչինչ չենք անում»:
Այսպիսով, Կինեմատոգրաֆիստների մության կանոնադրության համաձայն՝ նախագահության 4 տարիների ընթացքում Հարություն Խաչատրյանն ու իր թիմը նախատեսում են հիմնովին վերափոխել նախկին միության գորշ բարքերն ու նույնքան անգույն միջավայրը՝ Մեծ կինոդահլիճի հիմնավոր վերանորոգում, ինչպես նաև տեխնիկական վերազինում, նոր՝ փոքր դահլիճի կառուցում, կինոյի թանգարանի հիմնում, Կինոմիության ներսում կինոակումբների, գրադարանի, սրճարանի հիմնում, սանհանգույցների վերակառուցում, նոր շքամուտքի և ծառայողական մուտքերի կառուցում և վերակառուցում և այլն:
Թե ի՞նչ ֆինանսական միջոցների հաշվին է նոր նախագահը պատրաստվում իրականացնել մեծածավալ բարեփոխումների ծրագիրը, Հարություն Խաչատրյանը պարզաբանում է. «Կինոմիությունը բանկում պահվող որոշակի չափով գումար ունի իհարկե (ըստ պաշտոնական վարկածի՝ Դիլիջանի ստեղծագործական տան վաճառքից գոյացած մեկ միլիոն դոլարը.- Ն.Մ.), բայց ես հայտարարել եմ, որ դա համարում ենք տաբու, այդ գումարին ձեռք չի տրվելու: Այդ գումարից գոյացած տոկասադրույքները կվճարվեն սոցիալական հարցերի համար՝ թոշակներ, բժշկական ապահովագրություն, աշխատավարձեր՝ որոշ մարդկանց համար, ովքեր աշխատում են այստեղ, օգնություններ՝ Կինոմիության անդամների և հիմնականում թոշակառուներին համար: Հիմնական աշխատանքները կկատարվեն հովանավորների հետ, որոնց պետք է գտնել, փոխշահավետ համագործակցության առաջարկներ անել և միասին փորձել ինչ-որ բաներ փոխել: Եթե չկարողանանք այդպիսիներին գտնել և ներգրավել միության աշխատանքների մեջ, ապա միակ ռիսկը մնում է նախատեսված ծրագրերի ժամանակացույցի ուշացումը»:
Մշակույթի նախարարության հետ Կինեմատոգրաֆիստների միության մեծածավալ փոփոխությունների ծրագիրը քննարկվել է.
«Մեծ դահլիճի վերանորոգման համար դիմել ենք նախարարությանը, բայց վերջինս պատասխանատու չէ հասարակական կազմակերպությունների (ինչպիսին են միությունները) գործունեության համար: Խոսքն այնքան մեծ գումարների մասին է՝ մոտավոր 200.000 եվրոյին համարժեք գումար, որ անհրաժեշտ կլինի վերանորոգման ու նոր սարքավորումների ձեռքբերման համար: Ինչ խոսք՝ լավ կլիներ, որ օգնեին, բայց պետք է իրատես լինենք: Կինոթանգարանի ստեղծման հարցում նախարարությունը հետաքրքրված է, և այն կլինի համատեղ՝ մենք հատկացնում ենք տարածքը, իսկ նրանք օգնում են մեզ՝ տեղափոխելով այստեղ Արվեստի և գրականության թանգարանում եղած կինոյի բաժինը:
Այսօր ուզում եմ ձեզ ցույց տալ շենքը, և հատկապես՝ այն հատվածը, որտեղ ուզում ենք թանգարան կառուցել: Ե՛վ մշակույթի նախարարը, և՛ քաղաքաշինության նախարարն ուսումնասիրելով տեղանքը՝ համոզվեցին, որ սա ոչ միայն լուրջ սինեմատեկի կամ պարզապես թանգարանի համար նախատեսված տարածք է, այլև դպրոցի, տուրիստական նպատակներով ծառայող մի վայրի, որտեղ կարելի է ունենալ գրադարան, ֆիլմատեկա, կազմակերպել ֆիլմերի ցուցադրություններ, դասախոսություններ, վարպետության դասեր, արվեստի հանդիպումներ և այլն: Սա հսկայական ծրագիր է և բավականին մեծ ֆինանսավորում է պահանջում, բայց կարելի է չարչարվել և հասնել նրան, որ չորս տարում կարողանանք ունենալ լավագույն արդյունքներ»:
Հարություն Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ միության ներսում ստեղծվել է հատկապես երիտասարդների համար նախատեսված ստեղծագործական հարթակ, որտեղ մինչև 35 տարեկան երիտասարդ կինոգործիչներին օգնություն կտրամադրվի, որպեսզի նրանք սկսեն իրենց ֆիլմերի նկարահանումները.
«Նախարարությունը կինոյի ոլորտում երիտասարդական ծրագրեր չունի, կա միայն շատ փոքր բյուջեով դեբյուտների ծրագիր, որոնք դժբախտաբար անդադար նույն մարդիկ են նկարում: Չես հասկանում՝ ինչպե՞ս է պատահում, որ անդադար նույն մարդը մի քանի անգամ դեբյուտներ է նկարում, չգիտես ինչո՞ւ՝ նոր մարդիկ չեն հայտնվում, և այդ դեբյուտներն էլ որևէ տեղ չեն ցուցադրվում: Մենք կուզենայինք, որ դեբյուտների հարցով լրջորեն Կինոմիությունը զբաղվեր, և այդ առաջարկով արդեն դիմել ենք Կինոկենտրոնի ղեկավարությանը, և կսպասենք իրենց պատասխանին»:
Տեղեկացնենք, որ ասուլիսի ավարտին լրագրողներին հնարավորություն տրվեց շրջայց կատարել Կինեմատոգրաֆիստների միության և Կինոյի տան բոլոր այն տարածքներում, որոնք մինչ այս, ըստ Կինեմատոգրաֆիստների միության նոր ղեկավարի բնորոշման, եղել են փակ դռներից այն կողմ: