Բաժիններ՝

Որ ապրանքների գները կաճեն առաջիկայում՝ ըստ ԿԲ-ի

Հայաստանում գնաճը կշարունակի ավելանալ` առաջիկա ամիսներին գտնվելով տատանումների թույլատրելի՝ 2.5%-5.5% միջակայքում: Միջնաժամկետհատվածում գնաճը կկայունանա 4% նպատակային մակարդակի վրա: Այս մասին նշվում է Կենտրոնական բանկի՝ 2017 թվականի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում։

Փաստաթղթում նշվոում է, որ 12-ամսյա գնաճի վերականգնմանը հիմնականում նպաստելու են կարճաժամկետ հատվածում սպասվող մակրոտնտեսական միջավայրի դրական զարգացումները` պայմանավորված ԿԲ-ի իրականացրած խթանող դրամավարկային քաղաքականության դեռևս դրսևորվող ազդեցությամբ և արտաքին ու ՀՀ տնտեսություններում պահանջարկի վերականգնման ակնկալվող համեմատաբար բարձր տեմպերով: Այդուհանդերձ, ըստ ԿԲ-ի, առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար չեզոքացնել դրամավարկային խթանող պայմանները` միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման համար։

ԿԲ-ն հատուկ ընդգծում է, որ գնաճի կարճաժամկետ կանխատեսումներում հաշվի են առնվել 2018 թվականից ակցիզային հարկի, ինչպես նաև մի շարք ապրանքների գծով մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխության ազդեցությունները: Մասնավորապես, ակցիզային հարկի մասով հիմնականում փոփոխություն կկրի սպիրտային խմիչքներ, ծխախոտ, բենզին, քսայուղեր, սեղմված բնական գազ ապրանքատեսակներից գանձվող ակցիզային հարկի դրույքաչափը: Բացի դիզելային վառելիքից, ակնկալվում է բոլոր ապրանքնատեսակների գծով ակցիզային հարկի դրույքաչափի աճ:

ԿԲ-ն կանխատեսումներում հաշվի են առնվել նաև մսամթերքի ու կարագի շուկաներում ձևավորված գնաճային ճնշումները։ Այս ապրանքախմբերի դեպքում գնաճային միտումները կշարունակվեն` պայմանավորված առաջարկի դանդաղ վերականգնմամբ:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխությանը, ակնկալվում է սպառողական զամբյուղի շուրջ 30 անուն ապրանքատեսակների մասով մաքսատուրքերի դրույքաչափերի աճ, ինչի ընդհանուր ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է 0.4 տոկոսային կետ:

Հարկ է նշել, որ ԵԱՏՄ շրջանակներում 2018 թվականից բարձրանալու են մոտ 200 ապրանքատեսակների մաքսատուրքերի դրույքաչափերը, որոնք ազդելու են ՀՀ սպառողական զամբյուղի շուրջ 30 անուն ապրանքատեսակի վրա: Վերոնշյալ փոփոխությունների ուղղակի ազդեցությունը գնահատվում է 0.92 տոկոսային կետ:

Ընդհանուր ազդեցությունը, ըստ ԿԲ-ի, կկազմի մինչև 1 տոկոսային կետ: Ըստ գնահատումների` 0.4 տոկոսային կետ ազդեցությունը սպասվում է 2018 թվականի առաջին եռամսյակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս