«Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրն աննախադեպ է». Տիգրան Թորոսյան
«Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրն աննախադեպ է Հայաստանի համար թե՛ իր ընդգրկումով և թե՛ իր իրական հնարավորություններով: Միաժամանակ այն չափազանց կարևոր է հետխորհրդարային տրանսֆորմացիայի գործընթացի շրջանակներում, որովհետև ավելի քան 2 տասնյակ երկրների մեջ այս քառորդդարյա ճանապարհի ընթացքում սա միակ դեպքն է, երբ ինտեգրում է տեղի ունենում միաժամանակ երկու ուղղություններով,- այսօր ԱԺ-ում «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին նախագահ, «Հեռանկարային ուսումնասիրություններ և նախաձեռնություններ» կենտրոնի ներկայացուցիչ Տիգրան Թորոսյանը,- Սա, իհարկե, տալիս է լայն հնարավորություններ, բայց միաժամանակ առաջադրում է չափազանց լուրջ մարտահրավերներ՝ ներկայիս խիստ լարված աշխարհաքաղաքական մրցակցություն, մեկ ուղղությամբ կատարվող քայլերի նախագծման ու իրականացման ընթացքում մյուս ուղղությամբ ձևավորվող սահմանափակումների հաղթահարում և այլն: Մարտահրավերները բազմաթիվ են, և այդ առումով անգամ ամենալավ համաձայնագիրը կարող է մնալ միայն լավագույն հնարավորությունների մի փաստաթուղթ, եթե շատ լուրջ քայլեր չարվեն այդ խնդիրներն իրականացնելու համար»:
Ըստ նրա՝ Եվրամիությունը վերջին տարիներին էապես վերանայել է իր Արևելյան գործընկերությունը և նախընտրում է այսուհետ աշխատել յուրաքանչյուր կողմի հետ՝ հաշվի առնելով այդ կողմի առանձնահատկությունները:
Տ. Թորոսյանը կարևորեց, որ այս համաձայնագրում ձևակերպված նպատակները Հայաստանն ընկալի որպես ներքին նպատակներ, որովհետև այս փաստաթուղթը վերաբերում է ոչ միայն մեր ինտեգրմանը, այլ հատկապես քաղաքական ներքին կյանքին:
«Այո՛, Հայաստանը սահմանադրական փոփոխություններ իրականացրեց, և սա կարևոր հնարավորություններ է տալու եկող տարվա ապրիլից հետո լիարժեքորեն իրագործել այդ դրույթները:
Բայց մյուս կողմից, ժողովրդավարությունը միայն փաստաթղթերի առկայություն չէ։ Ճիշտ հակառակը՝ կայացած ժողովրդավարությունը ենթադրում է 3 ուղղությամբ լուրջ ձեռքբերումներ՝ սահմանադրական կամ օրենսդրական, արժեքային և վարքային»,- ասաց Տ.Թորոսյանը՝ հավելելով, որ բոլոր 3 ուղղություններով չափազանց մեծ աշխատանք կա անելու։
Նա կարևորեց մեր հիմնախնդիրների գիտացումը՝ քաղաքկան համակարգի էական առանցքային արդիականացում, այսինքն՝ բազմակուսակցական համակարգի կայացում, և կրթության ու գիտության արմատական բարեփոխում, որը նույնպես համակարգաստեղծ նշանակություն ունի:
Տ.Թորոսյանը կարևորեց նաև փաստաթղթում ԼՂ խնդրի վերաբերյալ ձևակերպումները և ԵՄ հանձնառությունը։