Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ, մեծ հետաքրքրություն է ներկայացնում իսրայելցի ներդրողների համար
Հայ-իսրայելական առեւտրատնտեսական հարաբերություններում նշանակալի առաջընթացի հույս են հայտնում գործարարները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Իսրայել-Հայաստան առեւտրի պալատի փոխնախագահ, գործարար Սուրեն Շահնազարյանը նկատեց, որ տնտեսական գործակցության մակարդակն այնքան էլ գոհացուցիչ չէ, սակայն լավատեսության հիմքեր կան:
«Իսրայել-Հայաստան առեւտրի պալատը ներդնում է առավելագույն ջանքեր երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի ամրապնդման համար»,- ասաց գործարարը:
Նրա ներկայացմամբ՝ 2016 թվականի տվյալներով Հայաստանից Իսրայել արտահանման ծավալը կազմել է 2.5 մլն դոլար, իսկ Իսրայելից Հայաստան՝ 3 մլն դոլար:
«Երկու ուղղություններով հիմնականում արտահանվում են թանկարժեք մետաղներ: Նկատվում է երկու երկրների գործարար կապերի զարգացման ակտիվացում, կան հեռանկարներ գյուղատնտեսության, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության համար: Իսրայելում գյուղատնտեսությունը եւ բարձր տեխնոլոգիաները տարածաշրջանի ամենազարգացած ոլորտներից են: Երկու երկրների համար մենք տեսնում ենք նշանակալի հեռանկարներ այս ոլորտների զարգացման հարցում: Նաեւ կարեւոր է նշել, որ Հայաստանը իսրայելցի զբոսաշրջիկների համար հետաքրքիր ուղղություն է: Երկու կողմերի համար էլ զբոսաշրջության ուղղությունն առաջնահերթություն է»,-ասաց Սուրեն Շահնազարյանը:
Նրա կարծիքով՝ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ պետություն մեծ հետաքրքրություն է ներկայացնում իսրայելցի ներդրողների համար: «Իսրայելական ընկերությունների համար հարմարավետ կլինի աշխատել Հայաստանում»,- ընդգծեց Իսրայելի հայազգի գործարարը:
Անդրադառնալով նոյեմբերի սկզբին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Իսրայել կատարած այցին՝ Սուրեն Շահնազարյանը նշեց, որ այն շատ կարեւոր էր երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման համատեքստում: «Բիզնեսի զարգացման գործում իսրայելցի ներդրողի համար կարեւոր է ստեղծել հանգիստ միջավայր եւ կայուն դիվանագիտական կապեր»,- եզրափակեց Իսրայել-Հայաստան առեւտրի պալատի փոխնախագահը:
Սյուզի Մուրադյան