«ԼՂՀ հակամարտության ընկալման միջազգային ֆոնը շատ հայանպաստ է, բայց Հայաստանը բավականաչափ պահանջկոտ չէ». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Հայաստանի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ հավասարաչափ կարևոր է թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի համար: Այս կարծիքին է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, որն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ այս համագործակցության մեջ չկա ավելի շատ շահող կողմ, այլ կա հավասարաչափ իրականացվող գործընկերություն:
Լրագրողի հարցին, թե՝ ինչպե՞ս եք այդ դեպքում բացատրում Հայաստան-ԵՄ համաձայնագրից առաջ ռուսական լրատվամիջոցների հակահայկական ռեպորտաժները, Հ. Մելիք-Շահնազարյանն այսպես պատասխանեց.
«Ես այդ հաղորդումներին զուգահեռ՝ տեսնում եմ Ռուսաստանի պաշտոնյաների հայտարարությունները, որոնք ամեն կերպ փորձում են մեզ համոզել, որ պետք չէ ուշադրություն դարձնել վայրահաչող տարբեր փորձագետների, լրագրողների, շոումենների հայտարարությունների վրա: Այստեղ քաղաքականության հետ առնչվող որևէ բան չկա: Ռուսներն իրենց մենթալիտետին համապատասխան գնահատականներ են տալիս իրական քաղաքականությանը, այն քաղաքականությանը, որը կարող է նաև լուրջ դիվիդենտներ բերել Ռուսաստանին: Մարդիկ, ովքեր նախկինում լուրջ հետազոտություններով էին զբաղվում, գոնե իմ աչքին վաղուց արդեն վարկաբեկվել են, որովհետև տուրք մատուցեցին պոպուլիզմին, և ոչ թե՝ իրական հետազոտություններին»:
Հարցին, ի՞նչ եք կարծում՝ միջազգային հանրության կողմից ճնշում կլինի՞ Ադրբեջանի վրա՝ կատարելու այն պայմանավորվածությունները, որոնք սեղանին են՝ քաղաքագետն այսպես պատասխանեց.
«Իմ կարծիքով՝ Հայաստանը բավականաչափ պահանջկոտ չէ միջազգային հանրությունից: Մենք փորձում ենք ամեն ինչ հավասարակշռել, ցույց տալ, որ մենք մաքսիմալիստ չենք, մեղմ ընթացքի կողմնակից ենք, և այլն, բայց հաճախ լինում են դեպքեր, երբ դրանից պետք է հրաժարվել և շատ հստակ ու կոնկրետ պահանջներ դնել: Այսօր հակամարտության ընկալման միջազգային ֆոնը շատ հայանպաստ է: ԵՄ-ի հետ նույն համաձայնագրում, որտեղ նշված է, որ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը պետք է ընկած լինի հակամարտության կարգավորման հիմքում, օրենսդրական ուժ է ստանալու ԵՄ 28 երկրներում, և դա լինելու է ԵՄ-ի միասնական կարծիքը, թե ինչ սկզբունքներով պետք է լուծվի հակամարտությունը:
Մյուս կողմից էլ, կարծում եմ՝ վաղուց արդեն որևէ մեկը չի կասկածում, որ հնարավոր չէ անտեսել այդ սկզբունքը: Բոլորի համար շատ ակնհայտ է, որ հակամարտությունը լուծվելու է, և Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և անընդհատ ձգտել, որ այդ նույն թեզը 1001-րդ անգամ կրկնվի տարբեր փաստաթղթերում, կարծում եմ՝ մի քիչ շատ դանդաղ շտապել է, ինչպես սիրում են ասել մեր իշխանական կուսակցության ներկայացուցիչները: Պետք է մի քիչ արագ շտապել ու պահանջկոտ լինել»: