Բաժիններ՝

Կառավարությունը 2018թ. պետական բյուջեի ծախսային մասն ավելացնում է ևս 15 մլրդ դրամով

Հաշվի առնելով որոշ հանգամանքներ՝ կառավարությունը 2018 թվականի պետական բյուջեի նախագծում ավելացնում է ծախսային մասը 15 մլրդ դրամով: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ներկայացնելով ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին և ԱԺ մշտական հանձնաժողովներում ու լիագումար նիստում քննարկման արդյունքներով պատգամավորների կողմից կառավարություն ներկայացված առաջարկությունների ու եզրակացությունների ամփոփաթերթին հավանություն տալու մասին հարցը:

Նախարարի խոսքով՝ բյուջեի ծախսային մասը մեծացնելու առաջին բաղադրիչը կապված է սեպտեմբերի համեմատ փոխարժեքի 5 դրամով փոփոխությամբ: Նշված 15 մլրդ դրամից 1 մլրդը նախատեսվում է հատկացնել «Հայաստան» զորախմբին, ինչը բխում է սահմանային անվտանգության ապահովումից և միջազգային պարտավորություններից: «1 մլրդ 289 մլն դրամ կուղղվի ջրի սակագնի սուբսիդավորմանը, որպեսզի 11 դրամի բարձրացումը գալիք տարվա ընթացքում բնակչությունն իր վրա չկրի: Լրացուցիչ 1,7 մլրդ դրամ կհատկացվի կառավարության աշխատակազմին՝ կապված սահմանադրական փոփոխությունների հետ: 4-ական մլրդ դրամով էլ կավելացվի առողջապահական ոլորտի ֆինանսավորումն ու կառավարության պահուստային ֆոնդը, որովհետև 2018-ին կան բավականին շատ միջոցառումներ, որոնք հնարավոր է հանգեցնեն չնախատեսված ծախսերի աճի և այլն»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարարը:

Նրա տեղեկացմամբ, ընդհանուր առմամբ ԱԺ պատգամավորներից պետական բյուջեի նախագծի հետ կապված ստացվել են 100-ից ավելի առաջարկներ: Ըստ նախարարի՝ կան շատ առաջարկներ, որոնք անհասցե են, եղել են նաև առաջարկներ այս կամ այն ոլորտի ֆինանսավորումը բարձրացնելու վերաբերյալ: «Ներկայացվել են մի շարք ակտուալ առաջարկներ ևս, բայց մենք պետք է հաշվի առնենք մեր հնարավորությունները»,- ասաց նախարարը:

Հաջորդ տարվա բյուջեն եկամուտների մասով կազմելու է 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ՝ 2017 թ. 1 տրիլիոն 207 միլիարդի փոխարեն, 100 միլիարդով ավելի՝ հարկային եկամուտների հաշվին: Բյուջեի ծախսային մասը նախատեսվում է 1 տրիլիոն 481 միլիարդ դրամ՝ այս տարվա 1 տրիլիոն 360 միլիարդի փոխարեն: Նախագծով 2018-ին նախատեսվում է 4,5 տոկոս տնտեսական աճ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս