
Զորամասի հրամանատարի տեղակալը՝ մեղադրյալի աթոռին. նա հարվածել է զինվորի գոտկային շրջանին. շարքայինի փայծաղը հեռացվել է

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ շարքային զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ կապված՝ բռնություն է գործադրել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող շարքայինի նկատմամբ՝ ձեռքով հարվածել է վերջինիս պարանոցին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո դիտավորությամբ բռունցքով հարվածել է նրա ձախ գոտկային շրջանին՝ պատճառելով փայծաղի սուբկապսուլյար հեմատոմայի պատռվածքի, ներքին արյունահոսություն ձևով առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, որից հետո վերջինս շտապ կարգով վիրահատվել է, և փայծաղը հեռացվել է։
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։