Խոշոր բիզնեսն ապահովել է ընդհանուր հարկային մուտքերի 61 տոկոսը
Խոշոր բիզնեսն ավելացրել է պետբյուջե վճարած հարկերը: Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների հարկային եկամուտները 2017թ. 10 ամիսներին 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել են գրեթե 37 մլրդ դրամով կամ 9,2%-ով: «Եթե նախորդ տարի ցուցանիշը մոտ 400 մլրդ դրամ էր, ապա այս տարի գրեթե 437 մլրդ դրամ է և կազմում է պետական եկամուտների կոմիտեի ապահոված ընդհանուր մուտքերի 61%-ը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ԽՄՀՎ ՀՏՎ պետ Արմեն Սաֆարյանը:
Ընդ որում, եթե 2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում հարկային գերավճարներն աճել էին 6.3 մլրդ դրամով, ապա 2017թ. նույն շրջանում, ընդհակառակը, նվազել են 19.2 մլրդ դրամով, ինչը հաշվի առնելու դեպքում 2017թ․-ի հարկային եկամուտների աճը գրեթե կրկնակի է՝ 62.3 մլրդ դրամ կամ 16%: Բացի այդ, 2017թ. 10 ամիսների ընթացքում ԽՄՀՎ ՀՏՎ-ում հաշվառված հարկ վճարողների հարկային պարտավորությունները վարչարարության արդյունքում հնարավոր է եղել կրճատել 5 մլրդ դրամով կամ 31,5%-ով:
«Խոշոր և միջին հարկ վճարողների ՀՏՎ հսկողության առանցքում ռիսկային համարվող հարկ վճարողներն են, որոնց մոտ էլ արձանագրվել են հարկային եկամուտների և իրացման շրջանառությունների աճի առավել բարձր ցուցանիշները»,-հայտնել է Արմեն Սաֆարյանը: Եթե ոչ ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտների աճը կազմել է գրեթե 7%՝ շրջանառության ավելի քան 11% աճի պայմաններում, ապա ռիսկային համարվող հարկ վճարողներինը՝ շուրջ 20%՝ շրջանառության 27,7% աճի պայմաններում: Այսինքն՝ ռիսկային տնտեսվարողների վճարած հարկերի աճի տեմպը 2.7 անգամ բարձր է ոչ ռիսկայիններից:
«Օրենսդրական փոփոխությունները, տնտեսական ցուցանիշների վրա ազդող տարբեր պայմանները և հարկային վարչարարության ուժեղացումը, մասնավորապես՝ իրացվող ապրանքների վաճառքի գների, պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման կանոնների և հարկվող օբյեկտների ամբողջությամբ հայտարարագրման նկատմամբ հսկողությունը, հանգեցրել են հարկատեսակների գծով ցուցանիշների բարելավման: Հատկանշական է ուղղակի հարկերի՝ շահութահարկի և եկամտահարկի ավելացումը, ինչը փաստում է բիզնեսի տնտեսական ակտիվության աճը»,-նշել է Արմեն Սաֆարյանը:
Օրինակ՝ շահութահարկի աճը 2017թ.-ի 10 ամիսներին կազմում է 10.4 մլրդ դրամ կամ 17,2%՝ հաշվի առնելով այս հարկատեսակի գծով հարկային մուտքերի 1.6 մլրդ դրամով ավելացումն ու գերավճարների 8.7 միլիարդով նվազումը: ԱԱՀ-ի գծով հարկային մուտքերը նվազել են գրեթե 3 մլրդ դրամով, ինչը հիմնականում ոչ միայն առանձին հարկ վճարողների իրացման շրջանառությունների նվազման, այլև 10 ամիսների ընթացքում ԱԱՀ-ի գծով պարտավորությունների մասն առկա գերավճարների հաշվին մարելու և գերավճարներ չհավաքագրելու հետևանք է:
Հաշվի առնելով, որ ԱԱՀ-ի գծով գերավճարը նվազել է 8.3 մլրդ դրամով՝ ԱԱՀ-ի գծով հարկային եկամուտների հաշվարկային աճը կազմում է ավելի քան 5 մլրդ դրամ:
Վարչարարության արդյունքում աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների (ԱՎՈՒՄ) մեկ ամսվա միջին ֆոնդն ու վարձու աշխատողների թվաքանակն ավելացել են՝ հանգեցնելով եկամտային հարկի գծով հարկային մուտքերի՝ 3.8 մլրդ դրամով աճին: Ակցիզային հարկի գծով հարկային մուտքերն ավելացել են 7.7 մլրդ դրամով, իսկ ԵՏՄ մուտքերը՝ 15.5 մլրդ դրամով կամ 34.5%-ով:
Համաշխարհային շուկայում մետաղական հումքի գնաճի և ռոյալթիի հարկման բազաների նկատմամբ հետևողական վարչարարության արդյունքում 5.5 մլրդ դրամով ավելացել են ռոյալթիի վճարումները, իսկ այս հարկատեսակի գծով գերավճարները նվազել են 1.7 մլրդ դրամով, ինչը հաշվի առնելու պարագայում հարկային եկամուտների աճը կազմում է 7.2 մլրդ դրամ: Աճ է արձանագրվել նաև բնօգտագործման և բնապահպանական վճարների, հաստատագրված վճարների ու դրոշմապիտակների ձեռքբերման վճարի գծով՝ համապատասխանաբար՝ 1.1 մլրդ, 114 մլն և 312.6 մլն դրամ։
«Ոլորտային վերլուծությունը ցույց է տալիս, որ գրեթե 17 մլրդ դրամ ընդհանուր գումարով նվազել են կապի, շինարարության, կառուցապատման, կրթական ծրագրերի իրականացման, դեղերի ներմուծման, հրատարակչության և տպագրության, ոչ պարենային ապրանքների արտադրության և ճանապարհաշինարարության ոլորտների հարկային եկամուտները՝ առավելապես մրցակցության պայմաններում առևտրային վերադիրների նվազման և գերավճարների հաշվին պարտավորությունների մարման հետևանքով»,-նկատել է ԽՄՀՎ ՀՏՎ պետը:
Փոխարենը 57 ոլորտում հարկային եկամուտներն աճել են 53.6 մլրդ դրամով կամ 18,6%-ով, ինչպես օրինակ՝ հանքարդյունահանման, սուպերմարկետների, ծառայությունների մատուցման, արտադրության, ներմուծման և առևտրի դեպքում: Եթե 502 հարկ վճարողների մոտ արձանագրված հարկային եկամուտների նվազման ընդհանուր գումարը կազմել է 56.2 մլրդ դրամ, ապա 584 հարկ վճարողների հարկային եկամուտներն աճել են 93 մլրդ դրամով կամ 48,6%-ով:
2017թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին 2016թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պակասել են հսկողական աշխատանքները, փոխարենը բարձրացել է արդյունավետությունը: Մասնավորապես՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների քանակը նվազել է 56-ով կամ 16.7%-ով, իսկ արձանագրված գումարն՝ ավելացել 1.8 մլրդ դրամով կամ 24.6%-ով: 51-ով կամ 35.2%-ով կրճատվել է չափագրումների քանակը, միայն 28-ով կամ 13.4%-ով ավելացել է մասնակի ստուգումների՝ ՀԴՄ-ների, չգրանցված աշխատողների բացահայտմանն ուղղված միջոցառումների քանակը:
«Ռիսկային հարկ վճարողների մոտ իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում արձանագրված տուգանքների մեծությունը, շարունակական լինելու հետևանքով, գերազանցում է հարկերի այն չափը, որը տնտեսվարողները կվճարեին՝ օրենքով աշխատելու պարագայում: Հետևաբար ավելի շահավետ է գործել օրինական դաշտում»,-ընդգծել է Արմեն Սաֆարյանը՝ հավելելով, որ, այդուհանդերձ, բիզնեսի հետ կոմիտեի երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորման արդյունքում վարքագծի փոփոխություն է նկատվում, և ոչ ռիսկային հարկ վճարողների ցանկը համալրվում է:
«ՊԵԿ-ի որդեգրած քաղաքականության համաձայն՝ տեսչություն-վարչությունը հզորացնում է վերլուծական ներուժը: Ոլորտային վերլուծությունից բացի անհատական մակարդակով կատարվող ուսումնասիրություններով վերհանվում են շեղումները և արդյունքում հարկ վճարողները դասակարգվում են ոչ ռիսկային և ռիսկային խմբերի: Վերջինների հետ տեսչությունը նախ հանդիպումներ է նախաձեռնում և բացատրական աշխատանքների արդյունքում փորձում մղել գործունեության օրինական դաշտ»,-պարզաբանել է Արմեն Սաֆարյանը՝ տեղեկացնելով, որ նախորդ տարվա 10 ամիսների համեմատ 2017թ.-ին մոտ 800-ով ավելի ծանուցում է ուղարկվել հարկ վճարողներին:
Փաստաթղթաշրջանառության կարգավորմանը և ստվերի կրճատմանն ուղղված հարկային վարչարարության արդյունքում տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողները 18,5%-ով ավելի շատ հարկային հաշիվներ են դուրս գրել այս տարի, քան 2016-ի 10 ամսում:
Ավելին՝ հարկային հաշիվներով իրացման շրջանառությունն աճել է 190.4 մլրդ դրամով կամ 12,6%-ով, իսկ ՀԴՄ ֆիսկալ հասույթներն աճել են 60.4 մլրդ դրամով կամ գրեթե 10%-ով: Այս ամենից բացի, եթե հաշվի առնենք, որ ԽՄՀՎ ՀՏՎ-ում հաշվառված որոշ հարկ վճարողների գործունեության դադարեցման հետևանքով նշված ցուցանիշներում նվազում է կատարվել, ապա վերջնարդյունքում հարկային հաշիվների քանակն ավելացել է 20,7%-ով, հարկային հաշիվներով իրացման շրջանառություն՝ 200.7 մլրդ դրամով կամ 13,3%-ով, իսկ ՀԴՄ ֆիսկալ հասույթներն աճել են 65.5 մլրդ դրամով կամ 10,8%-ով:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնոթւյան հետ կապերի բաժին