Բաժիններ՝

«Զարմանում եմ, որ Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն համարում են լուրջ կազմակերպություն». Սեդրակ Մամուլյանը՝ հայկական քոչարին ու տոլման՝ որպես ադրբեջանական գրանցելու հայտի մասին

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց 2017թ. դեկտեմբերի 4-9-ը տեղի ունենալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովի նիստի մասին, որի ժամանակ քննարկվելու են հայկական քոչարին ու տոլման՝ որպես ադրբեջանական գրանցելու հայտերը.

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում է, որ մեր ազգային ավանդական կերակուրներն այսուհետ պետք է համարել ադրբեջանական… սա արդեն ցույց է տալիս, թե մենք ի՞նչ վերաբերմունք պետք է ունենայինք ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկատմամբ առհասարակ»:

Ստեղծված իրականությունում, սակայն, բանախոսը նախընտրում է հիշեցնել՝ արդյոք ՅՈՒՆԵՍԿՕ՞-ն, Ադրբեջա՞նը, թե՞ թուրքերն էին արգելել, որ անցյալ տարի Հայաստանում կազմակերպված տոլմայի փառատոնը հայաստանյան որևէ լրատվամիջոց չլուսաբանի: Անցյալ տարի այդ փառատոնը լուսաբանել է միայն դրսից եկած ռուսական ОРТ հեռուստաալիքը: Ուրեմն, անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից տոլման՝ որպես ադրբեջանական ազգային ուտեստի ճանաչմանը, պետք է նկատել՝ մենք մեր ներսում պետք է մշակութային ժառանգության նկատմամբ մեր վերաբերմունքը փոխենք: Հային հպարտ դարձնող, հային դեպի իր ինքնությունը տանող կամ արժանապատվությանը նպաստող միջոցառումների մեծ պակաս կա մեզանում: Մենք պարզապես չգիտենք, չենք ճանաչում մեր իրական հակառակորդին և, առհասարակ, Ադրբեջանը՝ որպես մեր հակառակորդ, մեր քաշային կատեգորիայում չէ՝ ո՛չ մշակութային, ո՛չ խոհանոցային, ո՛չ պատմական զարգացումների տեսակետից, մենք համեմատվելու եզրեր չունենք»:

Անդրադառնալով խոհանոցային այս կամ այն երևույթը սեփականացնելու՝ մեր հարևանների վարած քաղաքականությանը, Սեդրակ Մամուլյանը նկատում է. «Հարց տվեք ձեզ, թե ինչո՞ւ Ադրբեջանը կամ Թուրքիան չեն ընդվզում, երբ մենք խոսում ենք բաստուրմայի մասին, որը զուտ թուրքական խոհանոցի երևույթ է: Որովհետև բաստուրման քոչվորին բնորոշ կերակուր է, փոխարենը՝ կպնում են տոլմայից, որ իր տեսակով հակառակ բնույթն ունի»:

Կարդացեք նաև

Խոհարարությունն անընդհատ զարգացող երևույթ է և զարգացման մեջ է արդիական: Հետևաբար՝ բանախոսը կոչ է անում՝ չկորցնել անգամ ոչ մի օր, որը միջազգային զարգացման տեմպերի տեսակետից մեկ ամսում չենք կարող վերականգնել.

«Եթե հիմա մենք թողնենք մեր գործը և սկսենք դարդ անել, թե՝ վա՜յ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի չգիտեմ՝ որ բաժնի, չգիտեմ՝ որ ենթահանձնաժողովը չգիտես ի՞նչ որոշում է կայացրել՝ ուրեմն՝ վերջ, մենք կորած ենք: Իսկ դուք ձեզ հարց տվեք, թե որտեղի՞ց է ֆինանսավորում ստանում այդ նույն ՅՈՒՆԵՍԿՕ-ի նույն ենթաբաժինը, որ նման որոշումներ է կայացնում՝ Թուրքիայից և Ադրբեջանից: Ուրեմն՝ իրականում ՅՈՒՆԵՍԿՕ-ն հենց դրա համար էլ ստեղծված է, որ թողնես քո իրական բան ու գործն ու ընկնես սրա-նրա հետևից՝ փորձելով ինչ-որ բաներ ապացուցել, որ բնավ ապացուցման կարիք չունեն: Եթե մենք որևէ ատյանի հետ նստում և քննարկման ենք դնում մեր մշակութային ժառանգության պատկանելության հարցը, էլ չեմ ասում՝ ոչխարի գույնով իրեն բնորոշող ազգի ներկայացուցչի հետ, նույնն է թե՝ որևէ մեկը գա ու ինձ ասի՝ Մամուլյան Գևորգը քո տղան չէ, դե արի ու ապացուցի, բայց դրա կարիքը ընդհանրապես կա՞: Ադրբեջանի խոհարարական կազմակերպության նախագահի հետ մի քանի անգամ էլեկտրոնային շփման առիթներ են եղել, դրանցից մեկի ժամանակ նա ինձ առաջարկում է, թե՝ թող քո բան ու գործն ու մի երրորդ երկրում հանդիպենք, քննարկենք… ասում եմ՝ լսե՛ք, ի՞նչ ունենք մենք քննարկելու, թե բա՝ կերակուրների պատկանելությունը:

Ասում եմ՝ տղա ջան, մինչև մեզ դա քննարկված, որոշված, ապացուցված և հայտնի իրականություն է, թե ո՞ր կերակուրը ո՞ր ազգին է պատկանում և, ընդ որում, դա հաստատված է պատմական հայտնի փաստերով: Մենք քննարկելու բան չունենք: Սա այստեղ-այնտեղ նստում, բողոքում է, թե ես իբր խուսափել եմ հանդիպումից: Արդյունքում՝ ես ոչ թե խուսափել եմ, այլ քննարկելու ոչինչ չունեմ մոտավորապես Բյուլբյուլօղլիի՝ Դախիր Ամիր Ասլանովի հետ: Առնվազն ծիծաղելի իրավիճակ է սա նրանց կողմից, ափսոս միայն, որ իրենք այդ մասին դեռ գլխի չեն»:

Հայկական խոհանոցային ավանդույթների զարգացման տեմպերի մասին բանախոսը նշում է. «Մենք այսօր ունենք մի վիճակ, երբ աշխարհում հայկական խոհանոցի նկատմամբ վերաբերմունքը դրականորեն փոխվել է: Պատկերացրեք՝ մեզ է զանգահարում Թուրքմենիայում հսկա խոհանոցային ցանցի տերն ու ցանկություն հայտնում այդ ցանցի մի ռեստորանը դարձնել բացառապես հայկական խոհանոց: Հենց այս պահին էլ մենք բանակցությունների մեջ ենք: Հաջորդ տարի ողջ մայիս ամիսը Հայաստանում և ողջ Սփյուռքում նվիրված է լինելու տոլմայի փառատոնին:

Աշխարհի գրեթե բոլոր հայաշատ գաղթօջախներում գործող հայկական ռեստորանները նշելու են տոլմայի տոնը՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Վրաստանում, Լեհաստանում, և այլուր:

Երբ ասում եմ, թե մենք մեր մեջ պետք է խնդիրներ փնտրենք, պատահական չեմ ասում: Եկեք նայենք, թե տեղական ո՞ր ռեստորանն է նույնքան հպարտորեն ներկայացնում տոլման, այնպես, ինչպես դա անում է խինկալիի, շաուրմայի կամ պիցցայի պարագայում:

Որովհետև գուցե նրանք ավելի շահութաբեր են սպառման տեսակետից, քան տոլման, բայց մյուս կողմից՝ թե որքան առողջարար են դրանք, չեն քննարկվում: Որ մանկական սրճարան մտնում ես՝ առաջին բանը, որ առաջարկում են՝ հավի ճտով ֆրին է՝ ամենաթունավոր սնունդը, որ կարող է լինել երեխայի համար: Ուրեմն, մեր իրական թշնամին մեր ներքին տականքն է: Սա իմ խոսքերը չեն, բայց շատ արդիական ու տեղին ասված, որ ևս մեկ անգամ ապացուցվում է հայկական քոչարին ու տոլման՝ որպես ադրբեջանական գրանցելու հայտերի առաջ գալուն զուգընթաց»:

Վերջում Սեդրակ Մամուլյանը կեսկատակ կոչ է անում՝ դարդ մի արեք, որ ինչ-որ մի ՅՈՒՆԵՍԿՕ այդպիսի վարքագիծ է դրսևորում, շարունակեք պատրաստել, ուտել ու տարածել հայկական ավանդական տոլման: Այդ նույն ՅՈՒՆԵՍԿՕ-ն չէ՞ր, որ գորգագործության բնօրրանը համարեց Ադրբեջանը, և ես հիմա իսկապես զարմանում եմ, որ այդ դեպքից հետո գտնվում է որևէ մեկը, ով լուրջ է վերաբերվում այդ կառույցին:

Դա պարզապես ամենապարզ հասարակական կազմակերպություն է, որտեղ աշխատում են մեզանից ավելի ճարպիկ մարդիկ, ովքեր շատ լավ են տիրապետում այստեղից-այնտեղից փողեր աշխատելու արհեստին: Ընդամենն այսքանը՝ ուրիշ ոչինչ: Հիմա պետք է խնդրե՞նք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, թե՝ քոչարին թողեք մեզ, գորգը տվեք նրան, կամ տոլման մեր անունով գրանցեք, լավաշը՝ նրա՞: Ես սա լուրջ չեմ համարում, և սրա մեկնաբանության վրա ծախսվող ժամանակն էլ՝ անարդյունավետ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս