ԱՄՆ-ում 370 հազար դոլար են հանգանակել անօթևանի համար, որն օգնել է ճանապարհին մնացած կնոջը
Ամերիկացիներն ավելի քան 370 հազար դոլար են նվիրաբերել այն անօթեւանին, որն իր վերջին փողերը տվել է ճանապարհին առանց բենզինի մնացած կնոջը։ Այս պատմությունը հայտնի է դարձել Նյու Ջերսիի նահանգի 27-ամյա բնակչուհի Քեյթ Մաքքլյուրի գործողությունների շնորհիվ:
Մի քանի ամիս առաջ Ֆիլադելֆիա (Փենսիլվանիայի նահանգ) մտնելիս աղջկա ավտոմեքենայի բենզինը վերջանում է: Միջադեպը տեղի է ունեցել ուշ երեկոյան: Մաքքլյուրը մենակ եւ առանց կանխիկ դրամի է մնացել արագընթաց մայրուղուց իջնող ճանապարհի եզրին:
Աղջիկը որոշում է ոտքով գնալ մինչեւ մոտակա ավտոլցակայան, որպեսզի մի կանիստր բենզին գնի եւ վերադառնա ավտոմեքենայի մոտ: Ճանապարհին նրան հանդիպում է 34-ամյա անօթեւան Ջոնի Բոբիթը, որ քնում էր այն էստակադայի տակ, որի վրայով անցնում էր Մաքքլյուրը: Բոբիթն աղջկան խնդրում է վերադառնալ ավտոմեքենա եւ, համենայն դեպս, փակվել այնտեղ, իսկ հետո հասել է ավտոլցակայան եւ իր մոտ եղած 20 դոլարով բենզին գնել:
«Ես պարզապես չէի կարողանում հավատալ տեղի ունեցածին»,-ասել է Մաքքլյուրը: Հետագայում նա իր ընկերոջ հետ մի քանի անգամ այցելել է Բոբիթին՝ նրան տալով ոչ մեծ գումարներ եւ անհրաժեշտ իրեր:
Զույգը, սակայն, որոշել է Համացանցում պատմել այն մասին, թե ինչպես է այդ ժամանակ արդեն մեկ տարի փողոցում ապրող Բոբիթն օգնել աղջկան, եւ նվիրատվություն անելու արշավ են հայտարարել: Արդյունքում ամերիկացիները Բոբիթին օնություն ցուցաբերելու համար ընդհանուր առմամբ ուղարկել են ավելի քան 375 հազար դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: