Պարույր Հայրիկյանը դադարեցրեց հացադուլը
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարել է հացադուլը դադարեցնելու մասին:
ԿԸՀ շենքի դիմաց 5 օր առաջ հացադուլ սկսած Պարույր Հայրիկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ առաջիկա մեկ-երկու ժամվա ընթացքում կդադարեցնի հացադուլը: «Ես կդադարեցնեմ հացադուլը, որովհետև սա համարում եմ առաջին փուլը, որն ավարտվեց»:
Պարույր Հայրիկյանը նաև հայտնեց, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի դեմ հայց է ներկայացնելու գլխավոր դատախազություն: Հայրիկյանին չի գոհացրել այն հանգամանքը, որ Տիգրան Մուկուչյանն իրեն չի տրամադրել սահմանադրական բարեփոխումների հանրաքվե անցկացնելու համար հանրության շրջանում ստորագրահավաք անցկացնելու ձևաթուղթը:
Հայրիկյանը ԿԸՀ-ից պահանջում էր 200 հազար քաղաքացու ստորագրություն հավաքելու և դրա հիման վրա սահմանադրական հանրաքվե նախաձեռնելու վերաբերյալ ձևաթուղթը, սակայն մերժում էր ստացել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից: Վերջինս հայտնել էր, որ քաղաքացիների ստորագրությամբ հանրաքվե անցկացնելու մասին սահմանադրական դրույթն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի ապրիլից: