Բաժիններ՝

«Ձվի թանկացումն ինչ-որ տեղ հիմնավորված է». «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ-ի նախագահ

«Արդեն ավանդական է դարձել, որ ամեն ինչ պետք է թանկանա՝ սկսած պարենային մթերքներից, վերջացրած՝ ծառայություններով: Սպառողը, ցավոք սրտի, արդեն սովորել է այդ թանկացումներին»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց  «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը՝ խոսելով վերջին շրջանում նկատվող, հատկապես՝ ձվի թանկացումների մասին:

Նրա խոսքով՝ ձվի թանկացումն ինչ-որ տեղ կարելի է կապել սեզոնի հետ. «Ինչպես գիտեք, մեր թռչնաֆաբրիկաներում հավերն այս սեզոնին այն արտադրողականությունը չունեն, ինչ ամռանը. «Սա առաջին տարին չէ, միշտ էլ այս սեզոնին ձուն մի քիչ թանկանում է: Այնպես որ, սա արտառոց բան չէ, չեմ կարող կապել մյուս թանկացումների հետ, որովհետև ինչ-որ կապ չեմ տեսնում: Ձվի գինը մոտավորապես 5-6 տոկոս է թանկացել: Մի խանութում, որտեղ 68 դրամ էր, դարձել է 70 դրամ, ասենք, 2 կամ 4 դրամի տարբերություն է տվել, այսինքն՝ 5-6 տոկոսի թանկացում, չեմ կարծում, որ դա ինչ-որ մեծ տարբերություն է»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը 11.4 դրամով թանկացնելու որոշում ընդունեց, սակայն սպառողների համար սակագինը կմնա նույնը:

Կ. Չիլինգարյանը չի գտնում, որ ջրի թանկացման հետ կապված նոր թանկացումներ կլինեն. «Նույնիսկ, եթե ինչ-որ թանկացում լինի, կարող է լինել զովացուցիչ ըմպելիքների արտադրության մեջ, որովհետև այնտեղ է հիմնականում ջուր օգտագործվում, իսկ այլ արտադրություններում շատ չնչին է ջրի օգտագործումը, և չեմ կարծում՝ ինչ-որ թանկացումներ լինեն դրա հետ կապված, համենայն դեպս, հույս ունեմ՝ տնտեսվարողները դրան չեն գնա»:

Կարդացեք նաև

Խոսելով այն մասին, թե ինչ նոր թանկացումների կարելի է սպասել նախատոնական փուլում, Կ. Չիլինգարյանը նկատեց, որ Ամանորի շեմին արդեն ավանդական է դարձել, որ որոշ ապրանքներ թանկանում են. «Հիմնականում՝ միրգ-բանջարեղենը: Կապրենք, կտեսնենք՝ ինչքան կթանկանա, չնչին տոկոսներո՞վ, թե՞ մեծ ծավալներով, դժվար է ասել: Կախված է՝ և՛ ապրանքների քանակից, և՛ վաճառողների ախորժակից: Համենայն դեպս, շատ ապրանքներ արդեն իսկ թանկացել են՝ միսը, որոշ կաթնամթերքներ, կարագը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս