
Մուղաբեին անձեռնմխելիություն են տրամադրել քրեական հետապնդումից. Reuters

Զիմբաբվեի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին ավելի վաղ հայտրարած Ռոբերտ Մուղաբեն անձեռնմխելիություն է ստացել քրեական հետապնդումից, ինչպես նաեւ երկրում գտնվելու անվտանգության երաշխիք: Նոյեմբերի 23-ին այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Ինչպես նշել է Reuters-ը, երկու պահանջները եղել են Մուղաբեի պաշտոնաթողության վերաբերյալ համաձայնության բաղկացուցիչ մասը: Կառավարության աղբյուրը գործակալությանը հայտարարել է, որ համապատասխան բանակցությունների ընթացքում Մուղաբեն հայտարարել է, որ ցանկանում է իր կյանքի մայրամուտն անցկացնել Զիմբաբվեում եւ չի պլանավորում ընդմիշտ հեռանալ այդ երկրից:
«Նրա համար շատ կարեւոր էր անվտանգության երաշխիքը, որպեսզի մնա երկրում, թեեւ դա նրան չի խանգարի ճանապարհորդել արտասահմանում, երբ ցանկանա կամ առիթ ընձեռվի»,- մեջբերում է արվում իրազեկ անձի խոսքից:
Նոյեմբերի 21-ին Մուղաբեն, որը երկիրը կառավարել է 37 տարի, հայտարարել է պաշտոնաթող լինելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: