Ջիգարխանյանի թատրոնը հերքեց իր գեղարվեստական ղեկավարի հոսպիտալացման մասին տեղեկատվությունը
Մոսկվայում Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող թատրոնը հերքել է իր գեղարվեստական ղեկավարի հոսպիտալացման վերաբերյալ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունը: Պաշտոնական հայտարարությունը հոկտեմբերի 23-ին զետեղված է թատրոնի կայքում։ «Մի շարք ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել մեր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բորիսի Ջիգարխանյանի լուրջ հիվանդության մասին:
Մասնավորապես, մի քանի հրատարակություններ չստուգված տեղեկություններ են հրապարակել այն մասին, որ Արմեն Բորիսովիչի ոտքերն իբր թուլացել են: Այդ տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,-նշվում է հաղորդագրության մեջ: Կայքում ասված է, որ «Արմեն Բորիսովիչն իրեն լավ է զգում, հիանալի տրամադրություն ունի, ինչն էլ նա մաղթում է բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն հետաքրքրվում են թատրոնի գործերով եւ անձամբ անհանգստանում են իր համար»:
«Այժմ նա զբաղված է նոր բեմադրության շուրջ խորհելով: Փոքր-ինչ հանգստանալու եւ իրեն բացառապես ստեղծագործական աշխատանքին նվիրվելու նպատակով նա մի քանի օրով մեկնել է պանսիոնատ»,-նշվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ, վկայակոչելով Նատալյա Կոռնեեւային, լուր էին հրապարակել Արմեն Ջիգարխանյանի հոսպիտալացման մասին՝ շաքարախտով պայմանավորված բարդացումների պատճառով: Թատրոնի տնօրենի պաշտոնակատար Ելենա Գիլվանովայի խոսքով, որը մեջբերված է կայքում, «Նատալյա Կոռնեեւան թատրոնի մամուլի քարտուղարը չէ, համապատասխան հրամանն ստորագրված է այս տարվա նոյեմբերի 20-ին»:
«Ուստի նա իրավունք չունի թատրոնի անունից հայտարարություններ անել մամուլի համար: Այն մասնագետի հետ կապվելու տվյալները, որին կարելի է դիմել թատրոնի կյանքի եւ նրա գեղարվեստական ղեկավարի վերաբերյալ ակտուալ եւ հավաստի տեղեկատվություն ստանալու համար, զետեղված են մեր պաշտոնական կայքում»,-ասել է թատրոնի տնօրենի պաշտոնակատարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: