
«ԼՂ հակամարտությունը ռազմական կարգավորում չունի». Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ և կոչ է անում խուսափել իրադրության լարումից: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Լեռնային Ղարաբաղում չկարգավորված հիմնախնդիրն անհանգստություն է առաջացնում: Հստակ է, որ հակամարտությունը ռազմական կարգավորում չունի և որ այստեղ ՆԱՏՕ-ի ուղիղ դերակատարումը չկա»,- ասել է Ստոլտենբերգը:
Նա ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին և ուրախ է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև բանակցությունների վերականգնման առնչությամբ:
«Մենք կոչ ենք անում ձեզ շարունակել ընթանալ խնդիրը բանակցությունների միջոցով կարգավորելու ճանապարհով և խուսափել նոր լարումից»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: