Լավրովը կուլիսներում մեղադրում է Ադրբեջանին՝ պայմանավորվածությունները տապալելու մեջ

Առանց անակնկալների ու սենսացիաների ավարտվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի քառօրյա վոյաժը տարածաշրջան` Անթալիա-Բաքու-Երևան երթուղով, որը, ըստ պաշտոնական տեղեկատվության, նվիրված էր հայ-ռուսական և ադրբեջանառուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, իսկ մեր աղբյուրների համաձայն՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, որում առաջընթաց գրանցելու դիվանագիտական առաքելությամբ էլ տարածաշրջանում էր ռուս նախարարը:

Չնայած ցանկությանն ու աշխարհաքաղաքական պատեհությանը՝ ցուցադրական առաջընթաց ապահովել «Լավրովի պլանի» կամ «Պուտինի պլանի» համաձայնեցման հարցում, ՌԴ ԱԳ նախարարը տարածաշրջանից հեռացավ հուսահատական տրամադրություններով: «ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ մեծ լավատեսություն չէի հայտնի: ԼՂ հակամարտությունը բարդ խնդիր է, և բանակցությունների փորձը ցույց է տալիս, որ դրանք շուտ չեն ավարտվելու»,- նոյեմբերի 21-ին Երևանում այսպես ավարտեց ԼՂ հակամարտությանն ուղղված իր անդրադարձը ռուս նախարարը:

Ինչպես երևում է, ռուսական դիվանագիտությունը ներկայումս հայտնվել է թուրքական ճնշումների տակ, քանի որ ադրբեջանական ճնշումները տապալվում են:

«168 Ժամի» տեղեկություններով՝ Անթալիայում ՌԴ ԱԳ նախարարը բավականին լարված բանակցություններ է ունեցել իր թուրք գործընկերոջ հետ, որից հետո հրաժարվել է պատասխանել նույնիսկ լրագրողների հարցերին, ինչը բնորոշ չէ նախարար Լավրովին:

Անթալիայում կայացած հանդիպումների շրջանակում, մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկվել են այն հնարավոր զիջումները, որոնք Ռուսաստանը պետք է անի ռուս-թուրքական հարաբերությունների որոշ դրվագներում, քանի որ զիջումներ անելու հերթը Ռուսաստանինն է, ավելի վաղ Թուրքիան մի շարք լուրջ հարցերում զիջել է Ռուսաստանին և ակնկալում է լուրջ պատասխան ռուսական կողմից: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, ուշագրավն այն է, որ Անթալիայում ԼՂ հակամարտության կարգավորման հարցը չի քննարկվել, ինչը տարօրինակ փաստ է՝ հաշվի առնելով օրերս Թուրքիայի նախագահ Էրդողանի մեկնաբանությունն այն մասին, որ Սոչիում Պուտինի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Էրդողանը մասնավորապես նշել էր.

«Ավելի վաղ ես քննարկեցի ԼՂ հակամարտության հարցը Պուտինի հետ, և նա ինձ ասաց, որ Ռուսաստանն անում է հնարավորն այդ խնդիրը լուծելու համար: Ես ևս մեկ անգամ հորդորեցի Ռուսաստանին՝ ավելի ուշադիր լինել հինգ շրջանների վերադարձի հարցում, քանի որ այդ հարցը կարող է լուծել միայն Ռուսաստանը»: Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ Լավրովի համար Էրդողան-Պուտին ղարաբաղյան քննարկումն իրական նորություն էր, ինչի մասին նա նշեց Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ:

Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, Լավրովը դեմ է Թուրքիայի միջամտությանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, և հարցին, թե Անթալիայում քննարկվե՞լ է արդյոք ԼՂ հակամարտության կարգավորման հարցը, Լավրովը պատասխանել է, որ Թուրքիան գիտի` պետք չէ միջամտել այս հարցին, և չի միջամտում:

Սակայն Թուրքիայի նախագահը նախօրեին ևս նշել է, որ Պուտինի հետ նոյեմբերի 22-ին կայանալիք հանդիպմանը մեկ անգամ ևս կբարձրացնի այդ թեման, քանի որ այդ հարցը, Էրդողանի խոսքով, Թուրքիայի համար ազգային անվտանգության հարց է: Ադրբեջանական կողմը ևս Ռուսաստանից հատուկ ջանքեր է ակնկալում, ըստ էության, ավելին, քան կարգավորման ռուսական բազմիցս քննարկված ծրագրերն են, որոնք, ինչպես ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան է նշում, որոշակի մշակումներ են, այլ ոչ թե ծրագրեր:

Ինչպես Երևանում, այնպես էլ դրանից առաջ Բաքվում Լավրովը նշել է, որ Ռուսաստանը փորձելու է իր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների հետ վերլուծել, թե որտեղ են գտնվում բանակցությունները, փորձելով ակտիվ ջանքեր ներդնել ԼՂ հակամարտության կարգավորման համար:

Նա նաև ասել է, որ կարգավորման բոլոր բաղադրիչներն ամրագրված են շատ փաստաթղթերում՝ սկսած 2007թ., 2009թ., 2011թ., դրանք հաստատվել են ԵԱՀԿ նախագահի կողմից, ամրագրվել են՝ որպես համանախագահների առաջարկներ, դրանք մնում են սեղանին, և որոնք ձևավորել են փաթեթ, ինչը նշանակում է, որ դժվար է առանձնացնել դրանցից մեկը, երկուսը, երեքը և ասել` եկեք այս ամենի հիման վրա պայմանավորվենք, քանի որ բալանսավորող բաղադրիչները դուրս կմնան, որի արդյունքում չի լինի այն նույն արդյունքը, ինչի հույսն ունեն միջնորդները:

«168 Ժամի» տեղեկություններով՝ հայկական կողմը համաձայն է կարգավորման գործընթացում առաջ շարժվել թեկուզ ռուսական ծրագրով, այն առաջարկներով, որոնք Ռուսաստանն է ներկայացնում, որոնք ըստ էության քիչ են տարբերվում Մարիդյան սկզբունքներից, ռուսական կողմից պահանջելով միայն երաշխիքներ, որ տարածքների վերադարձից հետո Ադրբեջանը հավակնություններ չի ունենա Ղարաբաղի վերաբերյալ, և այնտեղ, ըստ, այդ թվում՝ ռուսական պլանի, անկախության հանրաքվե պետք է իրականացվի Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակից հետո: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Ադրբեջանը դեմ է այդ պլանի մի քանի կետերին, այդ թվում՝ հանրաքվեի անցկացմանը, ինչը ներկայումս Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին զուգահեռ բանակցությունների առարկան է, և որին դեմ չէ Արևմուտքը:

Մեր տեղեկությունների համաձայն՝ Լավրովը կուլիսներում մեղադրում է Ադրբեջանին բոլոր պայմանավորվածությունները տապալելու մեջ: Հիշեցնենք նաև, որ Լավրովը Բաքվում նշել էր.

«Չնայած ռուս-ամերիկյան հարաբերություններում գոյություն ունեցող խնդիրներին՝ երկու երկրները շարունակում են համագործակցել ղարաբաղյան հարցի շուրջ»: Սրանով իսկ նա ակնարկում էր, որ Ռուսաստանն Արևմուտքից անկախ քայլերի Ղարաբաղում ներկայումս չի գնալու, ինչը չի բխում նաև Ռուսաստանի շահերից: Թե ինչով կավարտվի Ղարաբաղի հարցում ռուսական հերթական «մոտեցումը», ցույց կտան առաջիկա բանակցությունները, որոնք կծավալվեն Վիեննայում և Սոչիում, որտեղ Սիրիայի հարցը քննարկելու նպատակով հանդիպելու են Պուտինը, Ռուհանին և Էրդողանը:

Տեսանյութեր

Լրահոս