
Կարեն Կարապետյանի խորհրդականի հայրը Ղազախստանում հյուպատոս է նշանակվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս Ղազախստանի Ակտոբե քաղաքում բացվել է Ակտյուբինսկի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոսությունը: Բացման արարողությունը բազմամարդ է եղել, մասնակցել են ինչպես հայ, այնպես էլ ղազախ գործիչներ, նաեւ՝ գործարար շրջանակներից:
ՀՀ պատվավոր հյուպատոս է նշանակվել տեղի հայտնի համայնքային գործիչ և գործարար Հայկ Տերտերյանը՝ վարչապետ Կարապետյանի հասարակական հիմունքներով խորհրդական Մհեր Տերտերյանի հայրը: Մ. Տերտերյանը, ով Ակտոբեում գործող «Պարիժսկայա կոմունա» ՍՊԸ-ի տնօրենն է, Ֆեյսբուքում կիսառուսերեն-կիսահայերեն շնորհավորանք է հղել հորը․ «Отец, гордимся тобой и любим! Բարով ծառայես մեր Երկրին!»:
Հյուպատոսությունը, նկատենք, զուտ ներկայացուցչական մարմին է (իրավասու չէ փաստաթղթեր ստորագրել, կնքել եւ այլն), համագործակցելու է Ղազախստանում ՀՀ դեսպանության հետ: Նշենք, որ Ակտյուբինսկի մարզում շուրջ 3 հազար հայ է ապրում, Ղազախստանում (նաև՝ Ղրղզստանի Հանրապետությունում և Աֆղանստանի ԻՀ-ում) ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էլ ԱԺ նախկին փոխնախագահ (1995-98 թթ.) Արա Սահակյանն է: Ղազախստանում հայտնի գործարար է նաեւ ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Դավիթ Վարագյանը, ով Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի եղբայրն է (Վարագյան եղբայրներից մյուսն էլ՝ Խաչատուրը, Շիրակի մարզպետի տեղակալն է): Մենք հայտնել էինք, որ առաջիկայում Մեղրիում խաղատան ու հյուրանոցային համալիրի կառուցմամբ հետաքրքրված են ինչպես ռուս, այնպես էլ ղազախստանցի գործարարները և ծրագիրն իրագործվելու պարագայում այստեղ բազմամիլիոնանոց ներդրումներ են նախատեսում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։