«Ցավոք, առաջնագծում լինում են նաև նման երևույթներ». Արտակ Զաքարյան
«Ծառայողական քննություն պետք է իրականացվի և կիրականացվի, արդյունքները պարզ կլինեն, իրականությունը պարզ կլինի, իսկ այս պահին կարևոր չի, թե ով ինչ է խոսում: Օպերատիվ տեղեկատվություն ես պարտավոր չեմ ԶԼՄ-ներին ասել»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը` անդրադառնալով Արցախում ականի պայթյունից 3 զինծառայողի զոհվելու փաստին:
Թե ինչպե՞ս է լուծվելու փոխհատուցման հարցը, Ա.Զաքարյանը նշեց, որ դա կորոշվի, երբ ծառայողական քննության արդյունքում պարզ կլինեն հանգամանքները.
«Ամեն ինչն էլ ունի իր լուծումները: Ցավոք, առաջնագծում լինում են նաև նման երևույթներ: Մենք պետք է լիարժեք խորամուխ լինենք խնդրի մեջ և հետո պարզ կլինի` արդյոք դա որևէ մեկի՞ մեղքով է եղել, թե՞ անզգույշ գործողությունների հետևանք էր»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) և Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: Նրա վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: