«Ռուսաստան-Թուրքիա-Իրան համագործակցությունից Հայաստանի համար վտանգ չի կարող լինել». Լևոն Հովսեփյան

«ՆԱՏՕ-ի կանոնադրության մեջ հատուկ դրույթ չկա, որն արգելի ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի՝ այլ երկրներից սպառազինություն ձեռք բերել, կան որոշ օրինակներ։ Օրինակ` Հունաստանը դեռևս 1990-ականների վերջից տիրապետում է C-300 համալիրների և ռուսական այլ կարևոր սպառազինության: Այսինքն՝ սա գործնականում դրսևորված մոտեցում է. ՆԱՏՕ-ի անդամ տարբեր երկրներ համագործակցում են ոչ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, գնում են սպառազինություն»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի և Ռուսաստանի միջև կայացած S-400 տիպի ռուսական ՀՕՊ համակարգերի ձեռքբերման գործարքին՝ ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին օրերս հայտարարել է, որ իրենք Ռուսաստանից գնել են «S-400» տիպի ռուսական ՀՕՊ համակարգերը: Իսկ Թուրքիայի վարչապետը նշել է, որ «S-400»-ների ձեռքբերումը Թուրքիայի համար ոչ թե ընտրություն էր, այլ անհրաժեշտություն: ՆԱՏՕ-ի անդամ երկրները կոշտ դիրքորոշում ունեն այս հարցում:

Լևոն Հովսեփյանի կարծիքով՝ Թուրքիայի կողմից S-400-ների ձեռքբերման խնդիրն ավելի շատ քաղաքական բաղադրիչ ունի, քան ռազմական. «Իհարկե, ռազմական նշանակությունը պետք է գնահատվի, բայց սա առավելապես քաղաքական բաղադրիչներ ունի։ Կա ստորագրված համաձայնագիր՝ ձեռքբերման մասին, բայց դեռևս չեմ կարծում, որ վերջնականապես այդ խնդիրը լուծված է, և Թուրքիան կունենա S-400 համալիրներ։ Ծրագրվում է, որ այդ համալիրները պետք է մատակարարվեն 2 տարվա ընթացքում, իսկ այս իրավիճակում 2 տարին բավական երկար ժամանակ է, և շատ գործընթացներ կարող են տեղի ունենալ, որոնք կարող են նաև հարցականի տակ դնել S-400-ների ձեռքբերումը։ Իսկ այս ընթացքում էլ դեռևս տարաձայնություններ կան ՌԴ-ի և Թուրքիայի միջև՝ կոնկրետ S-400-ների գործարքի որոշ բաղադրիչների առումով։ Այնպես որ, դեռ սա վերջնական չէ»։

Թուրքիան միայն ռուսական S-400-ների ձեռքբերմամբ չի բավարարվում, մի քանի օր առաջ էլ Բրյուսելում Թուրքիայի, Ֆրանսիայի և Իտալիայի պաշտպանության նախարարները ստորագրել են համաձայնագիր՝ համատեղ ՀՕՊ համակարգ արտադրելու վերաբերյալ:

Թուրքագետի խոսքով՝ դա որոշակիորեն բալանսավորելու խնդիր է լուծում, հատկապես, երբ վերջին շրջանում ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից զգուշացումներ և մտահոգություններ էին հայտնում ռուսական համալիրների ձեռքբերման վերաբերյալ Թուրքիայի որոշման հետ կապված.  «Թուրքիան որոշակիորեն դա փորձեց բալանսավորել, մյուս կողմից՝ սակարկման իր մեխանիզմները գործի դնել, այսինքն՝ երկու կողմի հետ ստորագրել, իսկ երբ գա ժամանակը, կարելի է սակարկել, կարելի է դա որպես քաղաքական լավ խաղաքարտ օգտագործել»։

Մեր հարցին՝ նկատվում է Թուրքիա-Իրան-Ռուսաստան հարաբերությունների խորացում, դա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ առհասարակ, և մասնավորապես՝ Հայաստանի համար, նա այսպես պատասխանեց. «Եթե դիտարկում ենք Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռակողմ համագործակցությունը հատկապես տարածաշրջանային գործընթացներում, ապա այստեղ ակնհայտ է աշխարհաքաղաքական այն դիմակայությունը, որում այդ երկրները գտնվում են։ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը բավական բարդ հարաբերությունների մեջ են Արևմուտքի հետ, դիմակայության մեջ են, և այդ դիմակայությունն անհրաժեշտ է դարձնում այդ ուժային կենտրոնների համագործակցությունը՝ որպես այլընտրանք Արևմուտքին։

Սա պարտադրված մերձեցում է երեք դերակատարների միջև, որոնք փորձում են որոշ խնդիրների շուրջ ձևավորել, որքան հնարավոր է, ընդհանուր մոտեցումներ՝ ի հակակշիռ Արևմուտքի։ Սա վերաբերում է թե՛ իրանաթուրքական հարաբերություններին, թե՛ ռուս-թուրքական հարաբերություններին։

Իսկ ընդհանուր առմամբ, այս մերձեցումները իրավիճակային, մարտավարական մերձեցումներ են, որոնք ռազմավարական հարթության մեջ չեն վերացնում այն հակասությունները, այն մրցակցությունը, որն առկա է այս երկրների միջև։ Ուստի, սա պայմանավորված է առավելապես արևմտյան բևեռին հակադրվելու, և որպես այլընտրանք՝ սեփական մեխանիզմներ գործարկելու անհրաժեշտությամբ»։

Լևոն Հովսեփյանն ընդգծեց՝ Ռուսաստան-Թուրքիա-Իրան համագործակցությունից Հայաստանի համար վտանգ չի կարող լինել. «Թե՛ ՌԴ-ն, թե՛ Իրանը փորձում են իրենց աշխարհաքաղաքական շահերը որևէ կերպ հարվածի տակ չդնել։ Որքան էլ որ այդ երկրները մերձենում են, որքան էլ փորձում են համագործակցել եռակողմ ձևաչափով, այդուհանդերձ, շարունակում են փոխադարձ զսպման մեխանիզմներ ունենալ, փոխադարձ անհամատեղելի շահերը, հակասություններն ու մրցակցությունը պահպանվում են»։

Տեսանյութեր

Լրահոս