«Պետության կողմից բժշկական ապահովագրության փաթեթներ տրամադրվելու են հիմնականում երկու մեծ խմբի»
Պետությունը նախատեսում է 2018-ի երկրորդ կիսամյակից հաշմանդամություն ունեցող և անապահով անձանց տրամադրել բժշկական ապահովագրական փաթեթներ: Փաթեթները կփոխեն պետպատվերի մատուցման եղանակը, էականորեն կնվազեցնեն չարաշահումների հնարավորությունները և կօգնեն աստիճանաբար անցում կատարել համընդհանուր պարտադիր բժշկական ապահովագրության: «Արմենպրես»-ն այս մասին զրուցել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանի հետ:
-Պարոն Մարգարյան, բոլոր սոցիալապես անապահով անձանց տրամադրվելու՞ է բժշկական ապահովագրական փաթեթ:
-Պետության կողմից բժշկական ապահովագրության փաթեթներ տրամադրվելու են հիմնականում երկու մեծ խմբի՝ հաշմանդամություն ունեցող անձանց և «Փարոս» համակարգում ներառվածներին՝ որոշակի բալից սկսած: Սակայն, թե որ բալից սկսածները կներառվեն, վերջնականապես պարզ կդառնա, երբ մտնենք նախագծման փուլ: Ծրագրում ներառվող մնացած խմբերը փոքրաթիվ են: Կմշակենք այնպիսի փաթեթներ, որոնք կհամապատասխանեն ֆինանսական կարողություններին, բյուջեին:
-Ինչպիսի՞ն է լինելու ընթացակարգը:
-Այն շատ մոտ է այն ընթացակարգին, որն աշխատում է սոցփաթեթների դեպքում: Կա գործուն համակարգ, որն ապացուցել է իր արդյունավետությունը վերջին 40-50 օրերի աշխատանքով: Կարող են լինել փոքր շտկումներ, սակայն մեծ փոփոխություններ չենք կատարի: Աշխատանքն իրականացվելու է ապահովագրական ընկերությունների միջոցով: Շահառուները բացարձակ ոչ մի ներդրում և ջանք չեն գործադրելու: Ադմինիստրատիվ, բյուրոկրատական բնույթի ջանքեր ևս անհրաժեշտ չեն լինի:
Առողջապահական ապահովագրության փաթեթները, ցավոք, կամավոր սկզբունքով չեն աշխատում: Փաթեթները տրամադրվելու են պարտադիր սկզբունքով: Ապահովագրության հիմնական սկզբունքն այն է, որ առողջները վճարեն հիվանդների փոխարեն: Այսինքն՝ պետք է առողջ ժամանակ վճարել, որպեսզի քեզ համար վճարեն, երբ դու հիվանդ լինես:
-Ի՞նչ նպատակ ունի ծրագրի իրականացումը:
-Ուզում ենք որակյալ, պատշաճ ծառայություն մատուցել մեր քաղաքացիներին: Այս պահին այն ծառայությունների մատուցման ամենաօպտիմալ կառուցվածքն է:
-Կարելի՞ է ենթադրել, որ պետպատվերը վերանում է:
-Այս մոդելը ևս պետպատվեր է: Պարզապես փոխվելու է պետպատվերի մատուցման եղանակը: Նախորդ մոդելում պետությունն ուղղակիորեն կնքում էր պայմանագրեր առողջապահական հիմնարկների հետ և նրանցից գնում ծառայություններ: Այս դեպքում մտցվում է միջնորդավորված օղակ՝ ապահովագրական ընկերությունները, որոնց վրա դրվում է որոշակի գործառույթ՝ վերահսկել դրամական միջոցների հոսքերը, հիվանդության բուժման ընթացքը և քաղաքացիներին մատուցել որոշակի ծառայություններ:
-Ի՞նչ ռիսկեր են կանխվելու այս նոր մոդելով:
– Պոտենցիալ չարաշահումների հնարավորությունները էականորեն կնվազեցվեն այս մոդելի շրջանակում: Կա լրացուցիչ աչք՝ ապահովագրական ընկերությունը, որն ունի գործընթացը վերահսկելու ֆինանսական շահագրգռվածություն: Մոդելն ամբողջովին աշխատելու է էլեկտրոնային առողջապահական համակարգում, ինչը մեկ այլ մակարդակի վերահսկողություն է սահմանում ողջ գործընթացի վրա պետության կողմից: Այսինքն՝ թե ապահովագրականներին ենք կարողանում վերահսկել, թե բժշկական հիմնարկները, որպեսզի ժամանակին և պատշաճ մատուցեն ծառայությունները:
-Այդ փաթեթները բոլո՞ր բժշկական հաստատությունների համար են գործելու:
-Սոցփաթեթների մեր սկզբնական մոդելի փիլիսոփայության մեջ դրված է մարդու ազատ ընտրության հարցը: Իսկ այն ենթադրում է, որ տրամադրվող փաթեթների համար բոլոր բժշկական հաստատությունները պետք է ընդգրկված լինեն հավասարության սկզբունքով:
-Իսկ ապահովագրական փաթեթները նաև ծանր, մեծ ծախսեր պահանջող վիրահատությունների դեպքո՞ւմ են գործելու:
– Մենք աշխատում ենք, որ այդ փաթեթները հնարավորինս մեծ ընդգրկում ունենան: Հնարավոր է, խոցելի խմբերին մի փոքր ավելի շատ տրամադրվի, ավելի քիչ անապահովներին՝ քիչ ծածկույթ: Մենք հնարավորինս շատ աշխատում ենք, որ ծայրահեղ ծանր ֆինանսական վիճակում գտնվող մարդկանց ծախսերը ծածկվեն ապահովագրական պայմանագրի շրջանակներում: Ապահովագրության ծառայությունների չափը կորոշվի ըստ յուրաքանչյուր բնակչի անապահովության բալի:
-Փաթեթները ե՞րբ կտրամադրվեն շահառուներին:
-Հիմա քննարկումներ են ընթանում: Ծրագիրը կիրականացվի, ամենայն հավանականությամբ, 2018-ի երկրորդ կիսամյակին: Սոցիալապես անապահով խավերի հետ կապված ծրագրերի համար մենք սերտորեն համագործակցում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Շահառուներին հավաքագրելու մեծ խնդիր չկա, որովհետև բազան թարմացումներով առկա է:
– Սոցփաթեթներ ստացան նախ պետական մարմիններում և կրթության, մշակույթի, գիտության ու սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպություններում աշխատողները, շուտով նաև անապահովներն ու հաշմանդամություն ունեցողները, հաջորդը ո՞ր խումբը կներառվի:
-Եթե մինչ այդ պարտադիր ապահովագրության վերջնական ուրվագծերը չունենանք, հաջորդ տրամաբանական խումբը կլինեն զինծառայողները, որոնք արդեն ունեն փաթեթներ, սակայն գոհացուցիչ չեն այն մեխանիզմներն ու ծավալները, որոնցով մենք այդ սոցիալական խմբին մատուցում ենք ծառայություններ: Թեև մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Կամ էլ դա կլինի պարտադիր ապահովագրությանը զուգահեռ: Ըստ որոշ առաջնայնությունների՝ հերթականությամբ առաջ ենք շարժվում:
-Կարելի՞ է ենթադրել, որ անցում ենք կատարում համընդհանուր պարտադիր բժշկական ապահովագրությանը, ե՞րբ կհասնենք դրան:
-Եթե հետևենք այս քայլերի տրամաբանությանը և ՀՀ կառավարության ծրագրի համապատասխան դրույթին, որով կառավարությունն իր հնգամյա ծրագրում նախատեսում է համընդհանուր պարտադիր ապահովագրության կոնցեպտ, ապա կարելի է ասել, որ անցում ենք կատարում դրան: Պարտադիր բժշկական ապահովագրությունը նոր ուղղություն չէ, այն համաշխարհային միտում է: Հաջողված առողջապահական համակարգ ունեցող բոլոր երկրները ֆինանսական միջոցները մեկ աղբյուրից ծախսելու մոդելի ներդրմանն են անցում կատարում: Ապահովագրությունն այդ մոդելներից մեկն է, և փորձը ցույց է տվել, որ ամենագործուններից է: Իմ գնահատմամբ՝ այս տեմպերով շարժվելու դեպքում 2-3 տարում մեր քայլերը տեսանելի կդարձնեն քաղաքացիներին, թե երբվանից կներդրվի համընդհանուր պարտադիր բժշկական ապահովագրությունը:
Աննա Գրիգորյան