«Մենք բոլորս գնահատում ենք Սերժ Սարգսյանի փորձը և դերակատարումն այս ամենի մեջ». Կարեն Կարապետյան

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցով դիմեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Նա նկատեց, որ օրերս ասուլիսի ժամանակ լրագրողը վարչապետին հարցրել է՝ արդյոք Դուք համակարծի՞ք եք ՀՀԿ-ականների այն պնդումներին, որ որպես ՀՀԿ նախագահ և Հայաստանի անվտանգության թիվ մեկ երաշխավոր՝ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, որին Կ. Կարապետյանը պատասխանել է, որ համաձայն է:

«Մենք բոլորս, և նաև Սերժ Սարգսյանը մարդ է, Աստված բոլորին երկար կյանք տա, բայց եթե անփոխարինելի մարդուն ինչ-որ բան պատահեց, մեր ազնիվ ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը: Եթե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, ինչպե՞ս եք Դուք ակնարկում, որ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում պատրաստ եք փոխարինել նրան: Արդյոք սա Ձեր կողմից դավադրությո՞ւն է ազնիվ մեր ցեղի նկատմամբ: Սա ձեզ հայտնի մի պատմություն չի՞ հիշեցնում, երբ հարևան երկրի ղեկավարը, ցույց տալով Լեոնիդ Բրեժնևին, ասում էր՝ «кто сказал что Ильич умер, вот он стоит перед вами»»,- հարցրեց Ն. Փաշինյանը:

Ի պատասխան՝ Կ. Կարապետյանն ասաց, որ հիմա էլ է այն կարծիքին, ինչ հայտնել է այն ժամանակ Ս. Սարգսյանի վերաբերյալ, իսկ Բրեժնևի վերաբերյալ հարցին չիմացավ՝ ինչ պատասխանել:

Կարդացեք նաև

«Ես այդպես էլ գիտեի, որ հատկապես Բրեժնևի վերաբերյալ չեք իմանա՝ ինչ պատասխանել: Հարցը շատ պարզ է, ՀՀԿ-ում այդ գործընթացն ինչպե՞ս եք պատրաստվում անցկացնել: Դուք կառաջադրե՞ք ձեր թեկնածությունը, թե՞ ոչ»,- արձագանքեց Ն. Փաշինյանը:

«ՀՀԿ-ն առաջարկելու է վարչապետի թեկնածություն, ես իմ թեկնածությունը կառաջարկե՞մ, թե՞ ոչ, թույլ տվեք՝ իմ մտածածն իմ մեջ պահեմ: ՀՀԿ-ում յուրաքանչյուրն իր կարծիքը հայտնում է: Նաև հաստատում եմ, որ մենք բոլորս գնահատում ենք իր փորձը և դերակատարումն այս ամենի մեջ»,- ի պատասխան՝ ասաց Կ. Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս