Բաժիններ՝

«Ունենք սահմանափակ ռեսուրսներ և պետք է հասկանանք, թե ինչ ճանապարհով ենք գնում». Արամյան

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Հայաստանում 29.8 տոկոս աղքատության պայմաններում սոցիալական լարված վիճակը թուլացնելու լավագույն տարբերակ է համարում մարդկանց համար աշխատանքի ապահովումը, ինչը նրանց եկամուտներ գեներացնելու հնարավորություն կտա:

ԱԺ-ում 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը Վարդան Արամյանը, պատասխանելով ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին, ասաց, թե Հայաստանի կառավարությունը երկրում սոցիալական վիճակը բարելավելու միակ տարբերակ չի համարում թոշակների և նպաստների բարձրացումը:

«Առաջին հերթին հարկավոր է ստեղծել պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան եկամուտ գեներացնել: Օրինակ, եթե մի գյուղում կան մարդիկ, ովքեր հիմա նպաստ են ստանում, սակայն պայմանների առկայության դեպքում ի վիճակի են եկամուտ գեներացնել, մենք պետք է նրանց տանք այդ հնարավորությունը: Մենք այս ուղղությամբ պետք է գնանք»,- ասաց Արամյանը:

Փաշինյանի դիտարկմանը, թե 2018 թ. պետական բյուջեի նախագծով նվազում են առողջապահության, սոցիալական, կրթության ոլորտների ծախսերը, ինչը նշանակում է, որ աղքատության տոկոսը երկրում ավելանալու է, նախարարը պատասխանեց.

«Սովորաբար պետական բյուջեի ծրագիրը կազմվում է ոչ թե մեկ տարվա համար, այլ տեսադաշտում պետք է ունենալ առաջիկա 3-5 տարին: Սխալ է մենակ մեկ տարվա համար ծրագիր իրականացնելու մոտեցումը: Խոսելով 2018 թ. մասին՝ մենք ասել ենք, որ ունենք սահմանափակ ռեսուրսներ և պետք է հասկանանք, թե ինչ ճանապարհով ենք գնում: Կարևոր է այս տարվա ընթացքում ապագայի համար կայուն տնտեսական աճի ապահովումը, ինչը հիմք կհանդիսանա տնտեսությունը զարգացնելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս